Ընկերս զոհվեց, ընկավ վրես, ու ես էլ բան չտեսա․ պատմում է պատերազմում տեսողությունը կորցրած 19-ամյա Շանթը

19-ամյա Շանթ Ամբարդարյանը Շիրակի մարզի Ազատան գյուղից է։ 10 ամիս է, ինչ ծառայում էր Մատաղիսի զորամասում, երբ սկսվեցին մարտերը։ Պատերազմի ահասարսուռ դրվագները վերջինն էին, որ տեսավ Շանթն իր աչքերով։

Հպարտությամբ նշում է, որ զորամասի երկու ամենանոր մեքենաներից մեկն ինքն է վարել։ Հմուտ վարորդ է եղել, մեքենա վարել է դեռ մանկուց։

«Պատերազմի նախորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, ծնունդս էր։ Սպաներից մեկը զանգեց, ըսեց սնարյադ պդի տարվի նշված կետից Հոռաթաղի զորամաս, կուզեր, որ անձամբ ես տանիմ, ըսեց մե հոգում էլ ընտրեմ, որ իրար հետ երթանք։ Ես էդ ճամփեն լավ գիտեի, 3-4 ժամվա ճամփա է՝ անտառների միջով։ Ըդպես, ես ու ընկերս 2 «Կամազով» իրար հետևից հելանք»,- պատմում է Շանթը։

Երբ հասնել են Հոռաթաղ, արդեն մութ է եղել, սպաներն ասել են՝ հանգստանան, հաջորդ օրը կդատարկեն մեքենաները։

«Առավոտը բացվեց, 7:15 էր, թշնամին սկսեց խփել։ Զորամասը տագնապ երեց, մենք չիդեինք՝ ինչ ենեինք, մարդ չկար, որ մի բան ըսեր։ Հետո մեկըմ եկավ, ըսեց ավտոները տանինք սարերի մեջտեղը՝ ապահով տեղ, որովհետև մեջը լիքը սնարյադ էր, որ խփեին, լավ չէր եղնի»,- հիշում է Շանթը։

Դատարկել են մեքենաները և նոր հրաման են ստացել՝ հետ դառնալ նշված կետն ու նորից ականներ բերել Հոռաթաղ։ Այսպես երկու անգամ Շանթը բերել է, վերջին անգամ էլ հանձնարարվել է ականները տանել Մատաղիս։ 

«Անդադար կխփեին վերևից, հեչ բան չէինք կրնա ենե, Աստծուն էինք քցե ու կքշեինք»,-պատմում է նա։

Այս ընթացքում Շանթը գիշեր-ցերեկ արկեր է տեղափոխել, սնունդ է հասցրել զինվորներին։ «Մեր մոտ սնունդ չէին բերե, որովհետև անհնար էր առաջ գալը, վարորդներ չկային, կհրաժարվեին։ Ես կքշեի, որովհետև գիտեի, որ պետք է, տղեքին բդի հասցնեմ»,- ասում է Շանթը։

Հերթական անգամ էլ մեքենան լցրել է սնունդով, երբ Կամիկաձե ԱԹՍ-ն պայթեցրել է «Կամազը»։ 5 հոգանոց անձնակազմից 4-ը զոհվել են, ողջ է մնացել միայն Շանթը։ Պատմում է, որ մի կերպ դուրս է թռչել մեքենայից դեպի դիմացի փոսը ու վիրավորում անգամ չի ստացել։

Այս դեպքից 15-20 րոպե հետո Շանթը բարձրացել է դիրքեր։ Երեք օրից նահանջի հրաման են ստացել։

«Պատերազմի 6 կամ 7-րդ օրերն էին, Արցախում առաջին նահանջը հենց ըդիկ է եղե։ Արդեն անհնար էր պահելը։ Մի ամբողջ գիշեր քայլել ենք, որ դուս գանք, ու էդ ընթացքում էլ անընդհատ կխփեին վերևից։ Վերջինները չհասցրին դուրս գան, կեսին խփեցին, կեսին գերի վերցրին»,- պատմում է նա։

Դիրքավորվել են սարերի վրա, որ թույլ չտան թշնամին գա Մարտակերտի, Եղնիկների ուղղությամբ։ Այս ժամանակ հայտնել են, որ շտապօգնության վարորդ չկա, Շանթն էլ իր վրա է վերցրել այդ գործը։ «Ուրդեղ հասցրել ենք, սնունդ տարել ենք, ուրդեղ չէ, ըդպես մնացել է։ 3 օր անդադար քշեցի։ 3000 հոգանոց գունդ էր, ոչ մի ավտո չկար, որ զոհերին, վիրավորներին տեղափոխեր։ Էդ բարձր դիրքից զոհերին ու վիրավորներին էլ կտեղափոխեի»,-հիշում է Շանթը։

Շտապօգնության մեքենայով արկեր էլ է տեղափոխել, ասում է՝ մոտ 70 արկղը 7 անգամ գնալ-գալով գիշերով տեղափոխել է։

«Վերջին անգամը հետ դառնալիս խփին ավտոյին, էդ բարձր ոլորաններով շուռ եկանք, երկուսով էինք։ Իմ հետի տղեն լուրջ վնասվածքներ ստացավ, ու ընձի էլի հեչ բան չեղավ․․․ էլի փրկվա»,- բառերը հազիվ լսելի պատմում է Շանթը։

Այս դեպքից հետո կրկին բարձրացել է դիրքեր, 10 օրից ավել մնացել այնտեղ։

Հոկտեմբերի 26-ին՝ երկրորդ անգամ հրադադար հայտարարելու օրը, վաղ առավոտից թշնամին ռմբակոծել ու շարունակել է հարձակվել։ Փոքր փոսերի մեջ, 2-2 բացազատվելով, դիրքավորվեն են մեր զինվորները։ Դրանցից մեկի մեջ էլ Շանթն է եղել ընկերոջ՝ Արթուր Միրզոյանի հետ։

«8-ին 10 պակասի կողմերն էր, սնարյադը քցին մեր վրա, ընկերս մահացավ, ընկավ վրես ու ես էլ բան չտեսա․ ասկոլկեքն ընկան աչքերիս մեջ։ Ես հեչ բան չէի տեսնի, չէի կրնա շարժվեի, ընկերս էլ վրես էր։ Կուզեի կապի դուրս գայի, կգոռայի, մարդ չէր մոտենա, անդադար կխփեին, հեչ մեկը չէր կրնա գար, մոտավորապես 40-45 րոպե ըդպես մնացի։ Ռադիան մոտս էր, բայց հաճախականությունը խառնվել էր, վրայի ֆռռնցնելու մասն էլ կոտրվել էր, եղունգով մե կերպըմ ֆռռցրի, դուրս եկա կապի, ու եկան մեզի տարան»,-բռունցքներն ուժեղ սեղմում է ու վերապրում կատարվածը։

Ընկերոջ կորուստը Շանթի կյանքում մեծ բան է փոխել։ Ընտանիքի անդամներն ասում են՝ ոչ մի բան չի խոսում տանը, ոչինչ չի պատմում, բայց այլևս առաջվա Շանթը չէ։ Պատերազմի դաժան ձայների տակ 40 րոպե ոչինչ չտեսնելով, հարազատ ընկերոջ անշնչացած մարմինը վրան քարանալով՝ սպասել է․․․ Եղբայրը՝ Հովհաննես Ամբարդարյանը, ասում է՝ գուցե ոչ թե փրկվելու է սպասել, այլ․․․

Շանթին տեղափոխել են հոսպիտալ, այնտեղից էլ՝ Երևան։ Շանթն այժմ չի տեսնում, աջ աչքն ամբողջովին է վնասվել, ձախը՝ լուրջ վնասվածք ունի։ Բժիշկներն այս պահին հստակ ոչինչ չեն ասում։ «Բժիշկնեն ինչքան կրնան կենեն ստեղ, ես շատ գոհ եմ, իրանք շատ հոգատար են, հմի երկրորդ վիրահատությանը կսպասենք։ Կըսեն՝ ձախ աչքի ցանցաթաղանթն անջատված է ու հատակում արյուն կա, պտի սպասենք արյունը մաքրվի, որ կարողանան վիրահատեն, որ տեսնելու հույս եղնի»,- ասում է նա։


Պատերազմի ողջ ընթացքում ընտանիքն ամեն օր խոսել է Շանթի հետ։ Հայրը՝ Սեդրակ Ամբարդարյանն, ասում է․ «Ես կըսեի՝ տղա ջան, եթե դու օրըմ չզանգես ընձի, ես կմեռնիմ, զանգե, ձենդ լսեմ, կախե, էլ բան մի ըսա»։

Շանթը տուն չզանգեց միայն հոկտեմբերի 26-ին։ Հաջորդ օրը հիվանդանոցից են տուն զանգել․ «Էդ համարը ես չեմ կրնա մոռանամ․ 077307․․․»,- այսպես, համարն անգիր արտասնում է հայրը՝ սառած նայելով մի անորոշ կետի։ Իսկ թե ինչպես են Ազատանից հասել Երևան, ոչինչ չի հիշում։ Նրանց չեն ասել, թե ինչ վիրավոր է որդին։ Հասել են, տեղում իմացել եղելությունը։

Շանթենց տան բակում հայրը մատուռ է կառուցում։ Դեռևս անցած տարի է սկսել շինարարությունը։ Այդ մատուռի դուռը դնելիս է եղել, երբ մի անգամ խոսել է Շանթի հետ, տղան ասել է՝ ամեն ինչ լավ է, հանգիստ է, բայց հայրը կրակոցների ձայները լսել է։

«Հետո իմանամ, որ զանգել է մորը, ըսել է Հովհաննեսին՝ ախպորը, փոխանցե, որ իրա անունը փորագրենք էս մատուռի վրա։ Ըսեցի՝ այ քեզի բան, ուրեմն երեխես տուն գալու հույսը կորցրե՞լ է։ Զանգեցի իրան, ըսեց կատակ եմ երե, Սեդ»,- պատմում է հայրը՝ Սեդրակ Ամբարդարյանն ու հավելում, որ որդիներն իրեն անունով են դիմում, չէ՞ որ ինքը ընկեր է նրանց հետ։

Ասում է՝ կռվից եկած համագյուղացիներից է լսել, թե ինչեր է տեսել ու ապրել որդին, իսկ տանն իր անցած ճանպարհի չնչին մասն է պատմում։ Լռում է ու մենակ մնում իր խորունկ աչքերում մնացած վերջին պատկերների հետ։

Նրա խոսքով՝ ամենաշատը Շանթն է հավատում, որ կվերականգնվի տեսողությունը, անհավանական հզոր հավատ ունի, գիտի, որ տեսնելու է կրկին։ Ընտանիքը փորձում է տարբերակներ գտել, որ հնարավորության դեպքում բարերարների, հովանավորների միջոցով մի կերպ Շանթին հասցնեն արտերկիր՝ ձախ աչքը փրկելու։

«Մատուռի խաչն է մնացե դնելու, Շանթս չի թողնա դնեմ, կըսե՝ մնա ես կտեսնիմ, նոր կդնենք, ես էլ կըսեմ՝ ինչխ որ դու կուզես, տղես․․․»,- ասաց հայրը։

Լուսինե Հակոբյան


 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել