Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մոտ երեք ժամ, ոստիկանությունում մնալուց հետո` ժամը 23:35-ին, ազատ են արձակել Ոստիկանության Գյումրիի քաղաքային բաժնից եւ նա եղբոր ուղեկցությամբ գնացել է տուն: Այդ մասին հայտնում է Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:
Հիշեցնենք, որ Գյումրիում ապրիլի 23-ին Հարություն Խաչատրյանի և Արտյոմ Կարապետյանի դեմ ուղղված կրակոցների գործով Գյումրիի ոստիկանություն հարցաքննելու համար բերման էին ենթարկվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու ևս 20 անձ: Ոստիկանությունը հաստատել էր տեղեկությունը:
Ավելի վաղ՝ ապրիլի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ և 1 կրակված գնդակ:
Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Հարություն Խաչատրյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» ատրճանակի 1 փամփշտակալ՝ 7 փամփուշտներով:
Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկված Կոլյա Ղուկասյանը ձերբակալված է:
Դեպքի հնարավոր ականատեսներ հայտնաբերելու նպատակով հարցաքննվել են վկաներ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:
Ոստիկանության փոխանցմամբ՝ նախաքննությունը շարունակվում է:
Աղբյուրը՝ Իրավաբան.net