Կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի քանակն աշխարհում երրորդ շաբաթն անընդմեջ նվազում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Երրորդ շաբաթն անընդմեջ աշխարհում COVID-19-ի նոր դեպքերի քանակը նվազում է», – ասել է նա ՝ ավելացնելով, որ դա հուսադրող լուր է, որը «ցույց է տալիս, որ վիրուսը հնարավոր է վերահսկել նույնիսկ նոր շտամներով, որոնք այժմ շրջանառվում են: Սա ենթադրում է, որ շարունակելով հակավիրուսային միջոցներ ձեռնարկել՝ հնարավոր կլինի կանխել վարակի տարածումը, հայտարարել է ԱՀԿ ղեկավարը:
Ինչպես Հեբրեյեսուսը հետագայում նշեց, «չափազանց կարևոր է» շարունակել նախազգուշական միջոցներ ձեռնարկելը: Վարակի տարածման վերահսկումը «փրկում է կյանքը» և «նվազեցնում է կորոնավիրուսի նոր տեսակների առաջացման հավանականությունը»:
Գլխավոր տնօրենի խոսքով ՝ առողջապահության ոլորտում տեղեկատվական համակարգերի ամրապնդումը մեծ նշանակություն ունի արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու համար: Այս կապակցությամբ նա ուշադրությունը հրավիրեց ԱՀԿ-ի այն զեկույցի վրա, որը հրապարակվել է երկուշաբթի օրը: Ուսումնասիրությունը, որը ստացել է SCORE («Արագություն») անվանումը, պարունակում է տեղեկություններ 133 երկրներից: Զեկույցի համաձայն, գլոբալ մահվան 10 դեպքերից 4-ը չեն հաղորդվում` ընդգծելով բոլոր երկրներում տեղեկատվական համակարգերի ամրապնդման համար անհրաժեշտ հրատապ ներդրումները՝ COVID-19-ի արձագանքին աջակցելու համար: