Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է։
Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Թիվ 1 կայազորում հարուցվել է քրեկան գործ՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել):
«Նախաքննությունը շարունակվում է։ Այս պահին դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա»,-նշեց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 27-ին, հայտարարեց, որ իր հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
«Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա:
Ապաքինում եմ մաղթում Ջալալ Անատոլիին և համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
Համոզված եմ` հրամանատարի հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար են ծառայելու մեր Հայրենիքին»,-նշել էր Արայիկ Հարությունյանը։
Դեկտեմբերի 14-ին Իրավաբան.net-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը հայտնեց, որ Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից և գտնվում է վերկանագնողական արձակուրդում։