Մի քանի տասնյակ տարիներ առաջ մենք դեռևս չէինք կարող խոսել ցեղասպանագիտության՝ որպես գիտական նոր ուղղության մասին, քանի դեռ Հայոց ցեղասպանությունը մնում էր XX դարի առաջին և միակ ցեղասպանությունը:
Սակայն հետագայում, երբ համանման հանցագործություններ կատարվեցին նաև հրեաների, գնչուների, սլավոնների, Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Եվրոպայի տարբեր ժողովուրդների նկատմամբ, պարզ դարձավ, որ մի ժողովրդի կառավարողների կողմից մեկ այլ ժողովրդի ֆիզիկական բնաջնջման կազմակերպումը դարձել է մեր դարաշրջանի էթնո և քաղաքական կյանքի ամենացավալի իրողություններից մեկը:
Ցեղասպանագիտության շնորհիվ ընդլայնվեցին ցեղասպանություն հասկացողության սահմանները և ավելի մանրամասնվեցին և կոնկրետացվեցին նրա հիմնադրույթները: Մանսավորապես առաջ եկան երկու սկզբունքային բնույթի նորամուծություններ: Առաջին նորամուծությունը վերաբերում է «պոլիտիցիդ» կամ «քաղաքական սպանություն» հասկացողությանը, իսկ երկրրորդը` «զոհի» կամ «վիկտիմիզացիայի» հասկացողությանը: Վերոնշյալ երկու նորամուծությունների շնորհիվ ցեղասպանության բնագավառում բացահայտվեցին նոր շերտեր, որի հետևանքով ավելի խորացան և կատարյալ դարձան մեր թե՛ գիտելիքները, թե՛ պատկերացումները մարդկության դեմ ուղղված այդ ոճրագործության մասին:
Ցեղասպանագիտության շնորհիվ գենոցիդից անջատվեց պոլիտիցիդը և դարձավ ուսումնասիրության ինքնուրույն առարկա` որպես նրա մի բաղադրատարր:
Ըստ ցեղասպանագիտության, եթե ցեղասպանությունն իրականացվում է ելակետ ունենալով ռասայական, էթնիկական և կրոնական որոշիչները, ապա պոլիտիցիդի պարագայում խմբերը նշանակետ են դառնում նախ և առաջ նրանց քաղաքական դիրքորոշման, տվյալ ժողովրդի կյանքում նրա խաղացած առաջնային և ղեկավար դերի, ինչպես նաև տիրապետող ազգի վարչակարգի նկատմամբ նրա գրաված դիրքի պատճառով:
Ցեղասպանության իրագործման ժամանակ, այսինքն՝ զանգվածային բնաջնջմանը զուգահեռ, իսկ շատ հաճախ նրանից առաջ, իրագործվում է պոլիտիցիդ՝ ոչնչացվում են տվյալ ժողովրդի ազգային և քաղաքական ղեկավարությունը, քաղաքական, ռազմական, կրոնական, հասարակական և մշակութային առաջնորդները, որոնք ընդունակ են կազմակերպել դիմադրություն ցեղասպանության քաղաքականությանը, կանխել կամ ձախողել այն: Քաղաքական սպանության նպատակն է գլխատել ցեղասպանության ենթակա ազգին և կոտրել նրա դիմադրողական ոգին, որը գործողությունների ազատության լայն դաշտ է ստեղծում ցեղասպանությունը կիրառող պետությունների և կառավարությունների համար՝ զանգվածային սպանդ կազմակերպելու առումով:
Պոլիտիցիդի հիմնադրույթն օգնում է ավելի խորը հասկանալու ցեղասպանություն կոչված երևույթը ցեղասպան ուժերի ստրատեգիան և տակտիկան, ինչպես նաև ցեղասպանության իրագործման մեխանիզմը:
Ցեղասպանագիտության երկրորդ նորամուծությունը, ինչպես նշեցինք, զոհի և զոհի վերածվելու՝ վիկտիմիզացիայի հիմնադրույթն է: Զոհի հասկացողությունն անբաժան է ցեղասպանությունից: Սակայն այս տեսադրույթի բերած հիմնական նորությունն այն է, որ զոհը ցեղասպանության պահին չէ, որ դառնում է զոհ, և ոչ էլ դահիճն է դահիճ դառնում ցեղասպանության իրականացման ժամանակ: Իրականում դա մի բարդ պրոցես է, որը սկսվում է շատ ավելի վաղ, քան բուն ցեղասպանությունը: Նա ունենում է նախապատրաստական մի ամբողջ շրջան, անգամ դարաշրջան:
Որպես կանոն հալածանքների, խտրականության և, ի վերջո, զոհաբերության նշանակետ են դառնում էթնիկական խմբերը: Բախումնաբանության գծով ամերիկյան մասնագետ Ռոբերտ Գարրի հաշվարկներով, 1945-1990թթ. աշխարհում 233 էթնիկական խմբեր եղել են նման խտրականության առարկա, այսինքն վիկտիմիզացիայի հավանական թեկնածու: Իսկ Բարբարա Հարֆը, քննարկելով ցեղասպանություն և զոհ փոխկապվածության հարցը, գալիս է այն եզրակացության, որ ցեղասպանության ժամանակ զոհաբերության ենթակա խմբերը որոշվում են վարչակարգի կողմից առաջին հերթին ըստ նրանց համայնքային հատկանիշնեերի, որպիսիք են էթնիկական պատկանելությունը, կրոնը կամ ազգությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net