Տարբեր լրատվամիջոցներով տարածվում է ապատեղեկատվություն, թե պաշտպանության նախարարությունը կրճատել է աշխատակիցների աշխատավարձերը։ Լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, համակարգի անձնակազմի աշխատավարձի վճարումները կիրականացվեն սահմանված ժամկետներում, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա յոթերորդ աշխատանքային օրը (հունվար ամսվա աշխատավարձերը կվճարվեն մինչև փետրվարի 7-ը):
«Միաժամանակ տեղեկացվում է, որ հունվար ամսում անձնակազմի սոցիալական ծանրաբեռնվածությունը մեղմելու համար տրամադրվել է կանխավճար, իսկ ՀՀ 2021թ. պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումները կիրականացվեն սահմանված ժամկետներում և ամբողջությամբ: Այսինքն՝ աշխատակիցներին փոխանցված գումարները ոչ թե «կրճատված» աշխատավարձն է, այլ ընդամենը աշխատավարձի կանխավճար, իսկ աշխատավարձի մնացած հատվածը կփոխանցվի օրենքով սահմանված ժամկետներում»,-նշված է հաղորդագրության մեջ։