Հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու նախագիծն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 19-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:

Նախագիծն ընդունվեց պատգամավորների 85 կողմ, 18 դեմ, 3 ձեռնպահ ձայների համամասնությամբ։

Ըստ նախագծի, հակակոռուպցիոն դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով հակակոռուպցիոն դատարանների իրավասությանը վերապահված գործերը, ինչպես նաեւ քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը (այսուհետ` նաեւ պետական շահերի պաշտպանության հայցերով հարուցված քաղաքացիական գործեր։

Հակակոռուպցիոն դատարանը կգործի առնվազն 25 դատավորի թվակազմով, որից առնվազն 20-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը` պետական շահերի պաշտպանության հայցերով հարուցված քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը` առնվազն 10 դատավորի թվակազմով։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կգործի կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացման առնվազն 6, իսկ պետական շահերի պաշտպանության հայցերով հարուցված քաղաքացիական գործերով մասնագիտացման` դատավորի առնվազն 4 դատավորի թվակազմով։

Նախագծերով սահմանվել են հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների  թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման կարգը, առաջին կազմերի դատավորներին ներկայացվող պահանջները: Հատկանշական է, որ,առաջարկվում է հակակոռուպցիոն դատարանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների առաջին կազմը համալրել նույն ընթացակարգով, այն տարբերությամբ, որ վերաքննիչ դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների համար պահանջվում է առավել խիստ մասնագիտական փորձառության պահանջ:

Սահմանվել են նաև հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու ավելի խիստ սահմանափակումներ։ Մասնավորապես՝ սահմանափակումներ են նախատեսվել դատավորի, նախկին դատավորի, դատախազի, նախկին դատախազի, քննիչի, նախկին քննիչի, հետաքննիչի, նախկին հետաքննիչի, օպերլիազորի, նախկին օպերլիազորի, փաստաբանի և նախկին փաստաբանի համար, եթե վերջիններս վերջին հինգ տարվա ընթացքում ստացել են նախագծով նշված կարգապահական տույժերից մեկը։

Մանրամասները՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել