Օրենքի նոր նախագծով Վճռաբեկ դատարանը չի պատճառաբանելու որոշումների մոտավորապես 90 տոկոսը. Կ. Մեժլումյանը` գործադուլի մասին

Փաստաբաններից շատերը գործադուլ կանեն, եթե Վճռաբեկ դատարանը շարունակի չպատճառաբանել գործերը վարույթ ընդունելու կամ մերժելու մասին որոշումները: Այս մասին Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց փաստաբան, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը:

«Այսօր օրենքը սահմանում է, որ Վճռաբեկ դատարանը պետք է պատճառաբանի վարույթ ընդունելու կամ ընդունումը մերժելու որոշումը, դրա վերաբերյալ կան նաև Սահմանադրական դատարանի մի քանի որոշումներ, սակայն Վճռաբեկ դատարանը չի պատճառաբանում»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով` անցյալ տարի կազմակերպված գործադուլից հետո, երբ հանդիպեցին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ, պատասխանատու մարմինները նշեցին, որ խնդիրը օրենսդրական է և դրան արագ լուծում կտան: Հանդիպումից մեկ ամիս անց Արդարադատության նախարարությունը ներկայացրեց օրենքի նախագիծ:

«Դա այն փոփոխությունն էր, որ ես իմ պատկերացումներով կհամաձայնվեի, որ այն ընդունվեր: Այն հարցերը, որ մենք բարձրացրել էինք, լուծում էին ստանալու նախագծով: Բայց արի ու տես, որ դրանից հետո այդ նախագիծը հավանաբար գնում է նաև դատական դեպարտամենտ և դրանից հետո ինչ-որ փոփոխություններ են կատարվում»,- նշեց Կարեն Մեժլումյանը:

Վերջինիս փոխանցմամբ` դատավարական օրենսգրքերում նախատեսված փոփոխություններն այնպիսինն են, որ Վճռաբեկ դատարանը չպետք է պատճառաբանի որոշումների մոտավորապես 90 տոկոսը և միայն մեկ դեպքում պետք է պատճառաբանի` երբ օրենքի զարգացման հետ կապված խնդիր կա:

«Ստացվում է այնպես, որ երբ հարց է բարձրացվում, որ նյութական կամ դատավարական նորմի խախտման հետ կապված առաջ է եկել դատական սխալ, որոնք որոշումների 80-90 տոկոսն են կազմում, չպետք է պատճառաբանի: Այսինքն, եթե այսօրվա դրությամբ վճռաբեկ դատարանը բոլոր դեպքերում պետք է պատճառաբաներ` վարույթ ընդունելու կամ մերժելու մասին որոշումը, ապա առաջարկվող օրենքի նախագծով դա հանվել է: Դրական քայլ անելու փոխարեն ավելի բացասական քայլ արեցին մեր ու հանրության համար»,- տեղեկացրեց փաստաբանը:

Կարեն Մեժլումյանի փոխանցմամբ` փաստաբանների կողմից կրկին գործադուլ կկազմակերպվի, եթե հարցին լուծում չտրվի առաջիկայում, սակայն դժվարացավ գործադուլի համար կոնկրետ օր նշել: Գործադուլի կազմակերպման դեպքում` այն պետք է ավելի հուժկու լինի, քան անցյալ տարվանն էր: Օրենքի նախագիծը Արդարադատության նախարարությունում է, դեռ Կառավարությանն էլ չի ներկայացվել: Գուցե խնդիրն առկախ մնա դեռ 1 տարի, ինչը իրենք թույլ տալ չեն կարող:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ իրենք առաջիկա օրերի ընթացքում նաև իրենց առաջարկությունները կներկայացնեն օրենքի նախագծի վերաբերյալ:

«Բայց եթե այսպիսի նախագիծ գնա Ազգային ժողով և ընդունվի, ապա սա ոչ թե մեկօրյա, այլ ավելի մեծ ու երկարատև բողոքի ալիք է բարձրացնելու»,- հավելեց Կարեն Մեժլումյանը:

Ի դեպ, ըստ փաստաբանի, Փաստաբանների պալատի խորհրդի ոչ բոլոր անդամներն են կողմ առաջիկայում կազմակերպվելիք գործադուլին:

 

Իրավաբան.net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել