Երեխա ունեցող ընտանիքների համար հիփոթեքային պետական ծրագրերը

ՀՀ կառավարությունը 2020 թվականի մայիսի 14-ին հաստատել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերը։ Որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 19-ից։

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում ծրագրերը՝ ամբողջությամբ։

ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ 2020-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ խնդիրներից է ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, ծնելիության խթանումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի համաձայն` նախորդ ժամանակահատվածում արձանագրված` ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով, նախատեսվում է մշակել և կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր:

3. Համաձայն կատարված ուսումնասիրությունների` երեխայի պլանավորման վրա առավել մեծ ազդեցություն և պետության առաջնահերթ միջամտության կարիք ունեցող խնդիրներից են բնակարանային պայմանների բարելավումը և արտոնյալ պայմաններով բնակարանի ձեռքբերման հնարավորությունը:

4. Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է իրականացնել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թվականների պետական աջակցության նպատակային ծրագրեր (այսուհետ` նպատակային ծրագրեր):

 

II. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ

5. Հայաստանի Հանրապետությունում իրականացվել և իրականացվում են բնակարանային ապահովության մի շարք ծրագրեր, որոնց շրջանակներում իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով պետական աջակցություն է տրամադրվում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին:

6. Մասնավորապես`

1) «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում շահառուին տրամադրվում է հիփոթեքային վարկ` առաջնային շուկայում առավելագույնը 7.5 տոկոսով, առանց սուբսիդավորման, իսկ երկրորդային շուկայում` առավելագույնը 9.5 տոկոսով, որից սուբսիդավորվում է Երևանում 2 տոկոսային կետի չափով (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 7,5), իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար` 4 տոկոսային կետի չափով (այսինքն` Հայաստանի Հանրապետության մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 5.5).

2) «Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով հիփոթեքային վարկավորման միջոցով տրամադրվելու են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին (ծրագիրն ավարտվել է).

3) «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին» շրջանակներում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվելու են երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին, բժիշկներին և միջազգային մրցաշարերում հաղթանակած ու Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահած սպորտսմեններին (ծրագիրն ավարտվել է).

4) «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում կառուցվում են բազմաբնակարան շենքային համալիրներ, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության երիտասարդ մասնագետներին.

5) «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովում» ծրագրի շրջանակներում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական ծառայողներին և այլն:

7. Գործում է նաև հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգը` համաձայն Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքով սահմանված դրույթների պահանջների:

 

III. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

8. Բնակարանային ապահովության պետական աջակցության վերը նշված ծրագրերի հիմնական մասն իրականացվում է նպատակային բնակարանաշինության միջոցով: Արդյունքում այդ ծրագրերը հասանելի չեն մարզերում:

9. Բացառությամբ առանձին դեպքերի` բնակարանային ապահովության պետական աջակցության գործող ծրագրերով էական արտոնություններ սահմանված չեն երեխա ունեցող ընտանիքների համար:

10. Առանձին դեպքերում, այդ ծրագրերի նպատակներին համահունչ, սահմանված են տարիքային սահմանափակումներ, սակայն արտոնություններ (աջակցություն) սահմանված չեն հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած ընտանիքներում երեխա ծնվելու դեպքում, ինչն էապես նվազեցնում է այդ ընտանիքում երեխա ծնվելու հավանականությունը, հատկապես այն դեպքում, երբ կինն աշխատում է:

11. Երեխա ունեցող ընտանիքների դեպքում խնդրո առարկա է նաև կանխավճարը, հատկապես մարզային բնակավայրերում, որտեղ հիմնականում անշարժ գույքը ձեռք է բերվում երկրորդային շուկայից (այսինքն` բարձր է կանխավճարը):

12. Մյուս կողմից, երեխայի խնամքը ենթադրում է նաև ծախսեր, ինչն օբյեկտիվորեն սահմանափակում է կանխավճար կատարելու համար անհրաժեշտ միջոցները խնայելու հնարավորությունը:

 

IV. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

13. Նպատակային ծրագրերի հիմնական նպատակներն ու խնդիրներն են`

1) աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը` համապատասխան պայմաններ ապահովելով ընտանիքների կայուն զարգացման համար.

2) խթանել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում.

3) երեխայի ծննդյան դեպքում վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ընձեռել շահառուներին համատեղել հիփոթեքային վարկի մարումը և երեխայի խնամքը` խթանելով ծնելիությունը հիփոթեքային վարկ մարող ընտանիքներում:

V. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

14. Նպատակային ծրագրերն են`

1) միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար (այսուհետ` միանվագ դրամական աջակցության ծրագիր).

2) կանխավճարի (հիփոթեքային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն ընտանիքներին (այսուհետ` կանխավճարի ապահովագրության ծրագիր).

3) երեխայի ծննդով պայմանավորված` աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին (այսուհետ` երեխայի ծննդյան աջակցության ծրագիր):

15. Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թվականների պետական աջակցության ծրագրերի իմաստով շահառուն երեխայի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ծնողն է, ում սեփականության իրավունքով պատկանում է հիփոթեքային վարկով ձեռք բերված կամ կառուցվող բնակելի անշարժ գույքը: Ծնողը հանդիսանում է շահառու, եթե ինքը և երեխան (երեխաները) նույնականացվել են բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա:

16. Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է`

1) մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը.

2) մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին և ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը:

Անձը, որպես շահառու, միանվագ դրամական աջակցության ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ: Մեկ բնակարանի ձեռքբերման շրջանակներում (մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում) միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է մեկ շահառուի:

17. Միանվագ դրամական աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են`

1) բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկը տրամադրվում է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո.

2) անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը կամ կառուցվող անշարժ գույքի գնահատվող շուկայական առավելագույն գինը` 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով.

3) կատարվող կանխավճարի նվազագույն չափ (առանց ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության)` երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոս (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին) և առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 տոկոս (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին).

4) շահառուն ունի առնվազն 2 անչափահաս երեխա.

5) ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառուի, նրա ամուսնու (եթե առկա է գրանցված ամուսնություն) և անչափահաս բոլոր երեխաների անունով.

6) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանը կամ անհատական բնակելի տունն օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը:

18. Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է`

1) ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը.

2) անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով փաստացի ստացած հիփոթեքային վարկի (եթե վարկը տրամադրվում է փուլային` հերթական փուլի) 10 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար վարկի 10 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը:

19. Միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը (ներառյալ 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար սահմանված հավելումը) կազմում է 2 մլն դրամ: Եթե հիփոթեքային վարկը տրամադրվում է փուլերով, ապա 18-րդ կետում և սույն կետում նշված առավելագույն չափը կիրառվում է հիփոթեքային վարկի ամբողջ գումարի նկատմամբ: Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա միանվագ դրամական աջակցությունն ավելացվում է 30 տոկոսով (այս դեպքում միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը կազմում է 2,6 մլն դրամ):

20. Կանխավճարի ապահովագրության ծրագրի շրջանակներում հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին պետական միջոցների հաշվին տրամադրվում է դրամական աջակցություն` կանխավճարի (հիփոթեքային պարտավորության) ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար: Անձը, որպես շահառու, կանխավճարի ապահովագրության ծրագրից կարող է օգտվել (փոխհատուցման ծրագրի շրջանակներում բնակելի անշարժ գույք կարող է ձեռք բերել) մեկ անգամ: Մեկ բնակարանի ձեռքբերման շրջանակներում (մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում) կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցությունը տրամադրվում է մեկ շահառուի:

21. Կանխավճարի ապահովագրության ծրագրի հիմնական պայմաններն են`

1) բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո.

2) անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով.

3) կատարվող կանխավճարի նվազագույն չափ (առանց պետական աջակցության ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցության)` երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոս և առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 տոկոս.

4) շահառուի խնամքին առկա է առնվազն 1 անչափահաս երեխա:

22. Կանխավճարի ապահովագրության ծրագրով տարեկան ապահովագրական վճարները վճարելու համար տրամադրվող դրամական աջակցության շրջանակներում ապահովագրվող (ապահովագրված) հիփոթեքային պարտավորության չափը կազմում է`

1) երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 30 տոկոսի և կատարված կանխավճարի տարբերության, բայց ոչ ավելի, քան վեց միլիոն դրամի չափով.

2) առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 20 տոկոսի և կատարված կանխավճարի տարբերության, բայց ոչ ավելի քան, երեք միլիոն դրամի չափով:

23. Կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը սահմանվում է համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազ. դրամը:

24. Դրամական աջակցության վճարումը դադարում է այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի և բնակելի անշարժ գույքի ձեռքբերման արժեքի հարաբերակցությունը տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմում է 70 տոկոսից ցածր` երկրորդային շուկայից գնված բնակելի անշարժ գույքի դեպքում և 80 տոկոսից ցածր` առաջնային շուկայից գնված բնակելի անշարժ գույքի դեպքում:

25. Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկ (այդ թվում` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ) մարող շահառուից սերված երեխա ծնվելու դեպքում, տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը: Շահառուն իրավունք ունի երեխայի ծննդյան աջակցության ծրագրից` անկախ հիփոթեքային վարկը վերցնելու ժամկետից, բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրից օգտվելու հանգամանքից: Նույն երեխայի (մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում` երեխաների) ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան աջակցությունը տրամադրվում է մեկ հիփոթեքային վարկի մարման համար` շահառուի ընտրությամբ (եթե շահառուն ունի մեկից ավելի հիփոթեքային վարկեր):

26. Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են`

1) երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո.

2) անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը կամ կառուցվող անշարժ գույքի գնահատվող շուկայական առավելագույն գինը` 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով.

3) երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը, իսկ եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին, նաև կազմակերպության կողմից իրականացված վերջին մոնիթորինգի արդյունքում հիփոթեքային վարկի նպատակայնության հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել.

4) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանն օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը:

27. Երեխայի ծննդյան աջակցության չափը կազմում է երեխայի ծննդյան ամսվա 1-ի դրությամբ`

1) վարկի մնացորդային մայր գումարի 10 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը), իսկ Երևան քաղաքում` 5 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը), եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է.

2) վարկի մնացորդային մայր գումարի 50 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը), իսկ Երևան քաղաքում` 25 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը), եթե դա շահառուից սերված 3-րդ և հաջորդ երեխան է.

3) վարկի մնացորդային մայր գումարի 15 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը), իսկ Երևան քաղաքում` 8 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը), եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին.

4) վարկի մնացորդային մայր գումարի 70 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 4 000 000 դրամը), իսկ Երևան քաղաքում` 35 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 4 000 000 դրամը), եթե դա շահառուից սերված 3-րդ և հաջորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին:

28. Միանվագ դրամական աջակցության ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով`

1) շահառուն դիմում է սույն կետի 8-րդ ենթակետում նշված պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն).

2) կազմակերպությունն ընդհանուր հիմունքներով գնահատում է շահառուի վարկունակությունը և, ներկայացված փաստաթղթերի համաձայն, շահառուի համապատասխանությունը ծրագրով սահմանված պահանջներին (ծրագրի հիմնական պայմաններին).

3) եթե կազմակերպությունն ընդունում է շահառուին հիփոթեքային վարկ տրամադրելու որոշում և շահառուն, ներկայացված փաստաթղթերի համաձայն, համապատասխանում է ծրագրով սահմանված պահանջներին (ծրագրի հիմնական պայմաններին), ապա համապատասխան ծրագրային գործիքի միջոցով էլեկտրոնային հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն).

4) նախարարությունը, ստացված հարցման հիման վրա, հինգ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ինքնաշխատ եղանակով ստանում է համապատասխան տեղեկատվությունը և ընդունում է որոշում շահառուին ծրագրում ընդգրկելու (կամ շահառուին ծրագրում ընդգրկելը մերժելու) մասին.

5) ընդունված որոշման մասին նախարարությունն էլեկտրոնային եղանակով եռօրյա ժամկետում տեղեկացնում է կազմակերպությանը, ինչպես նաև շահառուին` պատշաճ ծանուցմամբ.

6) շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվում է, եթե շահառուն համապատասխանում է ծրագրի չափորոշիչներին.

7) շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվելու դեպքում, շահառուի և կազմակերպության միջև համապատասխան պայմանագիր կնքվելուց (իսկ եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին, վարկը փաստացի հատկացնելուց) հետո նախարարությունը կազմակերպության բանկային հաշվին է փոխանցում համապատասխան դրամական միջոցները` շահառուին պատշաճ ծանուցմամբ տեղեկացնելով դրա մասին.

8) կազմակերպության և նախարարության միջև տեղեկատվության փոխանակության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրով, որի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

29. Կանխավճարի ապահովագրության ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով`

1) շահառուն դիմում է կազմակերպությանը.

2) կազմակերպությունն ընդհանուր հիմունքներով գնահատում է շահառուի վարկունակությունը (այդ թվում` հաշվի առնելով կանխավճարի ապահովագրության պայմանագիրը).

3) եթե կազմակերպությունն ընդունում է շահառուին հիփոթեքային վարկ տրամադրելու որոշում և շահառուն, ներկայացված փաստաթղթերի համաձայն, առերևույթ համապատասխանում է ծրագրով սահմանված պահանջներին (ծրագրի հիմնական պայմաններին), ապա կազմակերպությունը համապատասխան ծրագրային գործիքի միջոցով էլեկտրոնային հարցում է ուղարկում նախարարություն.

4) նախարարությունը, ստացված հարցման հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ինքնաշխատ եղանակով ստանում է համապատասխան տեղեկատվությունը և ընդունում է որոշում շահառուին ծրագրում ընդգրկելու (կամ շահառուին ծրագրում ընդգրկելը մերժելու) մասին.

5) շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվում է, եթե առկա են կանխավճարի ապահովագրության ծրագրի հիմնական պայմանները, տվյալ տարվա առաջին օրվա դրությամբ հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի և բնակելի անշարժ գույքի ձեռքբերման արժեքի հարաբերակցությունը չի գերազանցում կանխավճարի ապահովագրության ծրագրով սահմանված սահմանաչափը.

6) ընդունված որոշման մասին նախարարությունն էլեկտրոնային եղանակով եռօրյա ժամկետում տեղեկացնում է կազմակերպությանը, ինչպես նաև շահառուին` պատշաճ ծանուցմամբ.

7) շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվելու դեպքում, շահառուի և կազմակերպության միջև համապատասխան պայմանագիր կնքվելուց և տարեկան ապահովագրավճարի 10 տոկոսը վճարելուց հետո, նախարարությունը դրամական աջակցության գումարները փոխանցում է կազմակերպության բանկային հաշվին` շահառուին պատշաճ ծանուցմամբ տեղեկացնելով դրա մասին.

8) կազմակերպությունը համապատասխան գումարները փոխանցում է ապահովագրական կազմակերպությանը:

30. Երեխայի ծննդյան աջակցության ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով`

1) շահառուն, երեխայի ծնվելուց հետո, դիմում է հիփոթեքային վարկ տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն).

2) կազմակերպությունը շահառուին է տրամադրում տեղեկանք հիփոթեքային վարկի և մնացորդային գումարների վերաբերյալ (այսուհետ` տեղեկանք).

3) տեղեկանքում ներառվում են`

ա. շահառուի անձնագրային տվյալները,

բ. ձեռք բերվող կամ կառուցվող բնակելի անշարժ գույքի գտնվելու վայրը,

գ. հիփոթեքային վարկի սկզբնական չափը, վերջին 12 ամիսների ընթացքում հիփոթեքային վարկի մարումները և մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը,

դ. հիփոթեքային վարկի մնացորդային չափը երեխայի ծննդյան ամսվա 1-ի դրությամբ.

ե. եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, ապա կազմակերպության հավաստումը, որ իր կողմից իրականացված վերջին մոնիթորինգի արդյունքում հիփոթեքային վարկի նպատակայնության հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել (մոնիթորինգի իրականացման օրը, ամիսը, տարեթիվը).

4) շահառուն տեղեկանքը ներկայացնում է նախարարություն (տարածքային ստորաբաժանման միջոցով).

5) նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է տեղեկանքում ներառված տեղեկատվությունը և գնահատում է շահառուի համապատասխանությունը ծրագրով սահմանված պահանջներին (ծրագրի հիմնական պայմաններին) և ընդունում է որոշում շահառուին ծրագրում ընդգրկելու (կամ շահառուին ծրագրում ընդգրկելը մերժելու) մասին.

6) ընդունված որոշման մասին նախարարությունը գրավոր տեղեկացնում է կազմակերպությանը, ինչպես նաև շահառուին` պատշաճ ծանուցմամբ.

7) շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվում է, եթե շահառուն համապատասխանում է ծրագրի չափորոշիչներին (ծրագրի հիմնական պայմաններին).

8) շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվելու դեպքում նախարարությունը եռօրյա ժամկետում կազմակերպության բանկային հաշվին է փոխանցում համապատասխան դրամական միջոցները` շահառուին պատշաճ ծանուցմամբ տեղեկացնելով դրա մասին.

9) եթե կազմակերպությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն է, ապա`

ա. կազմակերպությունը տեղեկանքը տրամադրում է նախարարությանը` էլեկտրոնային եղանակով, իսկ շահառուն նախարարություն չի դիմում,

բ. նախարարությունը շահառուին ծրագրում ընդգրկելու (կամ շահառուին ծրագրում ընդգրկելը մերժելու) որոշման մասին կազմակերպությանը տեղեկացնում է էլեկտրոնային եղանակով,

գ. կազմակերպության և նախարարության միջև տեղեկատվության փոխանակության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրով:

VI. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

31. Նպատակային ծրագրերի մոնիթորինգն իրականացնում է նախարարությունը` հիմք ընդունելով ծրագրերի ընթացքի վերաբերյալ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները:

32. Նախարարությունը եռամսյա պարբերականությամբ պաշտոնական կայքէջում հրապարակում է վարչական և վիճակագրական տեղեկատվություն նպատակային ծրագրերում ընդգրկված շահառուների թվի, նրանց տրամադրված պետական աջակցության գումարների վերաբերյալ` ըստ մարզերի և բնակավայրերի:

 

VII. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

33. Նպատակային ծրագրերի կապակցությամբ առկա հիմնական ռիսկերն են`

1) նպատակային ծրագրերի գծով բյուջետային հատկացումների անբավարարություն` պայմանավորված ծրագրերի բարձր պահանջարկով (ռիսկը կառավարելի է, ըստ անհրաժեշտության, կհատկացվեն լրացուցիչ միջոցներ).

2) նպատակային ծրագրերի ցածր պահանջարկ (ռիսկը կառավարելի է, ըստ անհրաժեշտության, համապատասխան փոփոխություններ կկատարվեն նպատակային ծրագրերի հիմնական պայմաններում):

34. Նպատակային ծրագրերի կապակցությամբ այլ հիմնական ռիսկեր չեն նույնականացվել:

 

VIII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

35. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նպատակային ծրագրերի համար նախատեսվել է 526,760.0 հազ. դրամ:

36. Յուրաքանչյուր հաջորդ տարվա պետական բյուջեով նպատակային ծրագրերի համար ֆինանսական միջոցների ավելացման հարցը կքննարկվի տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում` հաշվի առնելով նպատակային ծրագրերի գծով նախորդ տարիներին կատարված փաստացի ծախսերը:

 

IX. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

37. Նպատակային ծրագրերի արդյունքներն արտացոլվելու են 2022-2023 թվականների ծնելիության ընդհանուր ցուցանիշներում:

38. 2020 թվականին նախատեսվում է`

1) միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի.

2) կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցություն տրամադրել 540 շահառուի.

3) երեխայի ծննդյան աջակցություն տրամադրել 300 շահառուի:

39. Յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում կճշգրտվի շահառուների նախատեսվող թիվը` ըստ նպատակային ծրագրերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել