Ի՞նչ պատիժ է նախատեսված այն հոդվածով, որի հիման վրա ձերբակալվել են Ծառուկյանը, Մանուկյանը, Շարմազանովը, Համբարձումյանը, Սահակյանը

Հատուկ քննչական ծառայությունն այսօր՝ նոյեմբերի 12-ին հայտարարություն տարածեց այն մասին, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ։

Նրանցից Գագիկ Ծառուկյանը, Գեղամ Մանուկյանը, Դավիթ Համբարձումյանը, Արա Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ Քրեական օրենսգրքի 225․1 հոդվածով սահմանվում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը։

Հոդվածի առաջին մասում նշվում է․ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը՝ պատժվում են տուգանքով՝ 200․000-300․000 դրամի  չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով»:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել