Ինչ կարգով, ինչպես կարող է ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքն օգտագործվել՝ ռազմական դրության ժամանակ․ նոր փոփոխություններ

Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ի արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ և ամոբողջությամբ ընդունեց ընդունել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Նոր կարգով է սահմանվել անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործումը։

Օրենքում ավելացել է 8․1 հոդվածը՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման վերաբերյալ։

Այսպիսով․

1. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը, եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: Ընդ որում, գույքի անբավարարությունը գնահատվում է այդ թվում հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, հրատապությունը, գույքի գտնվելու վայրը եւ էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գուքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, առողջապահության, արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների բնագավառների պետական լիազոր մարմինների ղեկավարները կամ նրանց կողմից այդ նպատակով լիազորված պաշտոնատար անձինք (այսուհետ` իրավասու պաշտոնատար անձինք) առաջարկում են գույքի օրինական տիրապետողին` գույքն օգտագործման նպատակով տրամադրել համապատասխան մարմնին:

3. Առաջարկությունը ներկայացնելիս գույքի օրինական տիրապետողին ներկայացվում է անհրաժեշտ գույքը, գույքի օգտագործման անհրաժեշտության հիմնավորումը (եթե այն գաղտնի չէ), գույքը վերադարձնելու (անհնարինության դեպքում` փոխհատուցելու) պետության պարտականությունը, ինչպես նաեւ նախազգուշացում այն մասին, որ կամավոր չհանձնելու դեպքում գույքը կարող է վերցվել հարկադիր կարգով:

4. Առաջարկությունը ներկայացվում է գրավոր, իսկ հրատապության դեպքում կարող է ներկայացվել նաեւ բանավոր (այդ թվում` կապի միջոցներով): Գրավոր առաջարկի դեպքում այն հանձնվում է գույքի օրինական տիրապետողին առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում ուղարկվում հաշվառման (գտնվելու) վայրի հասցեով` զուգահեռաբար այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (առանձնացված բաժնում): Առաջարկում (բանավոր եւ գրավոր) սահմանվում է պատասխան ներկայացնելու ողջամիտ ժամկետը, իսկ գրավոր առաջարկում` նաեւ ձեւը:

5. Գույքի օրինական տիրապետողի կողմից համաձայնություն ստանալու դեպքում իրավասու պաշտոնատար անձը կազմում է գույքի կամավոր հանձնման վերաբերյալ արձանագրություն, որը պետք է պարունակի առնվազն հետեւյալ տեղեկությունները.

1) գույքի (այդ թվում` դրա վիճակի) հնարավորինս ամբողջական նկարագիրը,

2) համապատասխան մարմնին հանձնելու եղանակը, վայրը եւ ժամանակը,

3) գույքի օրինական տիրապետողի տվյալները` անունը, ազգանունը (անվանումը) եւ բնակության (գտնվելու) վայրը,

4) արձանագրությունը կազմողի անունը, ազգանունը եւ պաշտոնը,

5) նշում սույն հոդվածի 16-17-րդ մասերով սահմանված կարգի մասին

6. Գույքը լուսանկարվում է, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ (լուսանկարները պահպանվում են մինչ գույքի վերադարձը):

7. Արձանագրությունը կազմվում է 2 օրինակից, ստորագրվում այն կազմող իրավասու պաշտոնատար անձի եւ գույքը կամավոր հանձնելու համաձայնություն տված օրինական տիրապետողի կողմից, ում տրամադրվում է արձանագրության 1 օրինակը:

8. Գույքը կամովին հանձնելուց հրաժարվելու դեպքում` գույքը կարող է օգտագործման վերցվել հարկադիր կարգով: Ընդ որում, սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված առաջարկում սահմանված ժամկետում որեւէ դիրքորոշում չներկայացնելը համարվում է գույքը կամովին հանձնելուց հրաժարում:

9. Գույքը հարկադիր կարգով օգտագործման վերցնելու վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը պետք է պարունակի

1) գույքի (այդ թվում` դրա վիճակի) հնարավորինս ամբողջական նկարագիրը,

2) գույքի գտնվելու վայրը,

3) գույքի օրինական տիրապետողի տվյալները,

4) գույքի օրինական տիրապետողին սույն հոդվածով սահմանված կարգով առաջարկ ներկայացնելու եւ վերջինիս կողմից գույքը կամովին հանձնելուց հրաժարվելու մանրամասները,

5) գույքը վերցնելու եղանակը եւ ժամանակը,

6) գույքը օգտագործելու նպատակը (եթե այն գաղտնի չէ),

7) արձանագրությունը կազմողի անունը, ազգանունը, պաշտոնը եւ ստորագրությունը,

8) նշում սույն հոդվածի 16-17-րդ մասերով սահմանված կարգի մասին

10. Գույքը լուսանկարվում է, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ (լուսանկարները պահպանվում են մինչ գույքի վերադարձը):

11. Արձանագրությունը տրվում է գույքի օրինական տիրապետողին առձեռն կամ ուղարկվում պատվիրված փոստով:

12. Այն բացառիկ դեպքերում, երբ գույքի օրինական տիրապետողը կամ նրա գտնվելու վայրը հայտնի չեն, իսկ հաշվի առնելով այդ գույքի օգտագործման հրատապությոնը, հնարավոր չէ բավարար միջոցներ ձեռնարկել օրինական տիրապետողին կամ նրա գտնվելու վայրը հայտնաբերելու ուղղությամբ, գույքը կարող է վերցվել անմիջապես` առանց սույն հոդվածի 2-11-րդ մասերով սահմանված ընթացակարգերի պահպանման: Գույքը կարող է վերցվել անմիջապես նաեւ այն բացառիկ դեպքերում, երբ սույն հոդվածի 2-11-րդ մասերով սահմանված ընթացակարգերի պահպանումը եւ դրանով պայմանավորված գույքի օգտագործման հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետեւանքերի: Սույն մասով նախատեսված դեպքերում կազմվում է արձանագրություն, որը պետք է պարունակի`

1) գույքի (այդ թվում` դրա վիճակի) հնարավորինս ամբողջական նկարագիրը,

2) գույքի գտնվելու վայրը,

3) գույքը օգտագործելու նպատակը (եթե այն գաղտնի չէ) եւ հրատապության հիմնավորումը,

4) գույքի օրինական տիրապետողի տվյալները, եթե հայտնի են, իսկ եթե ոչ` այն միջոցները, որոնք ձեռնարկվել են այն պարզելու համար,

5) գույքը վերցնելու եղանակը եւ ժամանակը,

6) արձանագրությունը կազմողի անունը, ազգանունը, պաշտոնը եւ ստորագրությունը ,

7) արձանագրությունը կազմելու ժամանակը,

8) նշում սույն հոդվածի 16-17-րդ մասերով սահմանված կարգի մասին:

13. Գույքը լուսանկարվում է, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ (լուսանկարները պահպանվում են մինչ գույքի վերադարձը):

14. Արձանագրություն (լուսանկարների հետ միասին) անհապաղ տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ օրինական տիրապետողին կամ վերջինիս բնակության վայրը հայտնի դառնալու դեպքում` անհապաղ միջոցներ են ձեռնարկվում արձանագրությունը վերջինիս տրամադրելու համար:

15. Սույն հոդվածով սահմանված կարգով օգտագործման վերցված գույքը վերադարձվում է դրա օրինական տիրապետողին գույքի օգտագործման անհրաժեշտությունը վերանալու եւ գույքը վերադարձնելու հնարավորություն առաջանալու դեպքում, սակայն ոչ ուշ, քան ռազմական դրության գործողության դադարեցումից հետո` 45-րդ օրը: Այն դեպքում, երբ հայտնի չէ օրինական տիրապետողը, ապա գույքը պահվում է ռազմական դրության գործողության դադարեցումից հետո 2 տարի, որի ընթացքում միջոցներ են ձեռնարկվում վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ: Այդ ընթացքում օրինական տիրապետողին չհայտնաբերելու դեպքում գույքը դառնում է պետության սեփականությունը:

16. Գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում` դրա օրինական տիրապետողի դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով: Եթե գույքը վերադարձվում է վնասված կամ գույքի օգտագործման արդյունքում առաջանում է բաց թողնված օգուտ, ապա գույքի օրինական տիրապետողի դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով, ժամկետներում եւ չափով:

17. Սույն հոդվածը չի տարածվում սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ», «ժգ» եւ «ժդ» ենթակետերի հիման վրա տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի, զենքի, զինամթերքի, ռազմամթերքի, թունավոր նյութերի, մարտական ու ուսումնական ռազմական տեխնիկայի, պայթուցիկ եւ ռադիոակտիվ նյութերի ժամանակավոր առգրավման, տրանսպորտային միջոցների ներգրավման, ինչպես նաեւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի հիման վրա ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավման դեպքերի վրա»:

Թարմացում

Օրենքը ստորագրվել է ՀՀ նախագհի կողմից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել