Լրատվական կայքէջը փորձել է մոլորության մեջ գցել հանրությանը․ ղեկավարը բացատրություն է տվել ԱԱԾ-ում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հիմնվելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման պահանջների վրա, բազմիցս հորդորել է զանգվածային լրատվամիջոցներին, անհատներին կամ առանձին քաղաքական վերլուծաբաններին զերծ մնալ զանգվածային լրատվամիջոցներով կամ հրապարակային բնույթ կրող այլ եղանակներով ապատեղեկատվություն կամ զրպարտչական բնույթ կրող, հանրության ներքին միասնությունը խաթարող տեղեկություններ տարածելուց, սակայն այդուհանդերձ որոշ անձինք, նույնիսկ պատերազմական իրավիճակներում, շարունակում են սեփական շահը պետության անվտանգության շահերից վեր դասելու անթույլատրելի վարքագիծը:

Մասնավորապես՝ «Shame.am» էլեկտրոնային լրատվական կայքէջի հիմնադիր Արտյոմ Խաչատրյանը նույն կայքում, ինչպես նաև իր անձնական ֆեյսբուքյան էջում 05.10.2020թ. հրապարակել է «Հայաստանի անվտանգության երաշխավորը դնում է Փաշինյան Նիկոլի հեռացման հարցը» վերտառությամբ հոդվածը, որտեղ, անտեսելով ռազմական դրության ժամանակ առկա սահմանափակումները, իր ենթադրությունները, միակողմանի չփաստարկված կարծիքները կամ ակնհայտ սուտ տեղեկությունները մատուցել է հանրությանը որպես «ճշմարտություն»։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում նախաձեռնել է գործով վարույթ, որի շրջանակներում հոդվածում առկա հրապարակումների կապակցությամբ բացատրություն է ստացել Արտյոմ Խաչատրյանից, որի ընթացքում վերջինս կտրականապես հրաժարվել է իր կողմից հրապարակված հոդվածում առկա տեղեկատվությունը հաստատելուց՝ նշելով, որ դրանք զուտ իր ենթադրություններն ու սեփական վերլուծություններն են, ինչի կապակցությամբ որևէ փաստ կամ ապացույցներ չի կարող ներկայացնել: Միաժամանակ, Արտյոմ Խաչատրյանը նշել է, որ հոդվածում առկա տեղեկատվությունը հրապարակելիս օգտվել է օտարերկրյա լրատվամիջոցներում զետեղված հրապարակումից, որին ավելացրել է նաև իր վերլուծություններն ու մտքերը:

Ընդ որում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ուսումնասիրվել են նաև Արտյոմ Խաչատրյանի կողմից վկայակոչված՝ օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում զետեղված հրապարակումները, որի արդյունքում ակնհայտ է դարձել, որ այն վերարտադրվել է խեղաթյուրված բովանդակությամբ՝ այդ կերպ փորձելով մոլորության մեջ գցել հանրությանը և խաթարել պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահությունը:

Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրային շահերը նեղ անձնական շահերին ստորադասելուց, ապատեղեկատվություն կամ զրպարտչական բնույթ կրող սուտ տեղեկատվություն տարածելու, ինչպես նաև խոսքի ազատության անվան տակ հանրությանը մոլորության մեջ գցելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ այդպիսի տեղեկատվություն տարածողների նկատմամբ կիրառվելու են քրեաիրավական ներգործության համարժեք միջոցներ:

Հորդորում ենք չօգտվել նման տեղեկատվական աղբյուրներից, ցուցաբերել զգոնություն, համանման տեղեկությունները չփոխանցել միմյանց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրանց տարածումը ակնհայտորեն միտված է մեր համազգային միասնությունը խաթարելուն, հանրության շրջանում խուճապ առաջացնելուն և պետությունը թուլացնելուն, որոնք չեզոքացնելու համար կիրառվելու են օրենսդրությամբ նախատեսված ողջ գործիքակազմը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել