Ձեր ցավը տանեմ, մեր ազգի պարծանքն եք, հրաշքներ եք գործում․ ԱՀ նախագահը՝ 5 զինծառայողի «Արցախի հերոսի» կոչում է շնորհել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարկել։ Ստեղծված իրավիճակի, թշնամու կողմից Արցախի նկատմամբ շարունակվող ահաբեկչության և մեր պատասխան գործողությունների մասին:

«Հաղթանակն անկասկած մերն է լինելու»,-նշել է նա։

Նա նշեց, որ առաջնագիծ գնալու համար մտահոգվելու ոչ մի բան չի եղել․ «Ինչու եմ գնացել առաջնագիծ․ մտահոգվելու բան չի եղել, մենք առաջին հերթին պիտի ոգեւորենք մեր սպաներին, զինվորներին, որոնք իրականում ամեն օր կենաց ու մահու կռիվ են տալիս թշնամու դեմ։ Ուզում եմ փառքով նշել, որ բանակն ամբողջությամբ կատարում է իր առջեւ դրված խնդիրը՝ գեներալից մինչեւ շարքային զինվոր։ Իրականում ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը։ Ոչ թե սպառազինություններով զինված ամենաուժեղ բանակը, այլ ամենապրոֆեսիոնալ»։

Արայիկ Հարությունյանը նաև շնորհակալություն հայտնեց զինծառայողներին․ «Ես ուզում եմ խոնարհվել մեր զինվորների առջև, ուզում եմ ասել՝ ձեր ցավը տանեմ, դուք մեր ազգի պարծանքն եք։ Գտնվելով առաջնագծում, ամեն վայրկյան վտանգելով ձեր կյանքը, ամեն մի սանտիմետրի համար դուք պայքարում եք։ Մեր սպայական անձնակազմը հրաշքներ է գործում՝ վտանգելով կյանքը, անտեսելով մահը։ Եվ մեզ դա է պետք, եթե մենք հաղթահարենք այդ բարդույթը, բոլորս պատրաստ լինենք զոհվելու, մենք կհաղթենք»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախագահը հայտնեց, որ 5 զինծառայողի «Արցախի հերոս» բարձր կոչում է շնորհել։

«Դավիթ Լյովայի Գրիգորյան․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով Ֆիզուլիի հատվածում՝ հասցրել է խոցել 15 տանկ և 1 ՀՄՄ։ Շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում։

Էդգար Էդվարդի Մարկոսյան․ Թալիշի ուղղությունում խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը։

Յուրա Հայկարամի Ալավերդյան․ Կարախամբելի-Ֆիզուլի հատվածում խոցել է 9 տանկ և 1 միավոր ավտոտեխնիկա։ Նրանք բոլորը զինվորներ են։

Գնդապետ Շաքարյանը արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է։ Կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ։ Պարո՛ն Շաքարյան, ձեզ հարգում է ամբողջ ազգը, ձեր սխրանքը գնահատելու է ամբողջ ազգը, դուք իրական Արցախի հերոս եք։

Դավիթ Վանիկի Ղազարյան․ ցավոք՝ հետմահու, որը վարել է մարտը՝ «ոչ մի քայլ հետ» սկզբունքով, որը իրականում հերոսություն է կատարել։ Ցավակցում եմ մեզ բոլորիս, բայց հպարտ եմ, որ ունենք Դավիթ Վանիկի Ղազարյանի նման շատ հայրենակիցներ»,-ասաց Արցախի նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել