Էրդողանը անթույլատրելի է համարել տարածաշրջանում հրադադարի ռեժիմի հաստատման կոչերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Թուրքիայի ղեկավարն անթույլատրելի է համարել տարածաշրջանում հրադադարի ռեժիմի հաստատման կոչերը:

«Մինսկի խումբը, որը բաղկացած է ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից, 30 տարի շարունակ ի վիճակի չի եղել լուծել Ղարաբաղի հարցը: Եվ այսօր նա փորձում է բացասական իրադարձությունների ֆոնին գտնել զինադադարի ձև, և դա անընդունելի է», – ասել է Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը, «բայց անարդյունք»:

«Եվ քանի որ արդյունք չկա, դրան հասնելու ժամանակն է եկել, և Ադրբեջանը սկսել է քայլեր ձեռնարկել ինքնուրույն «պորտալարը կտրելու» ուղղությամբ», – ասել է Թուրքիայի ղեկավարը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Թուրքիան ցանկանում է շարունակել Հայոց ցեղասպանությունը:

«Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլեւ պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արեւելք եւ դեպի արեւելք շարունակելու եւ կայսերական երազանքը կյանքի կոչելու համար:

Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա այլեւս միջազգային անվտանգության հարց է եւ հայ ժողովուրդը պաշտպանում է նաեւ միջազգային անվտանգությունը, ստանձնելով թերեւս մի նորագույն պատմական առաքելություն»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունն այս անգամ հակամարտությունը դադարեցնելու համար պետք է երկխոսի ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ Հայաստանի և Թուրքիայի հետ․ «Այն ժամանակ կռվում էր Արցախն Ադրբեջանի դեմ, և Ռուսաստանն ի վիճակի էր համոզելու Ադրբեջանին և խնդրելու ՀՀ-ին` զինադադարի առումով: Այսօր պետք է խոսի Հայաստանի և Թուրքիայի հետ, չգիտեմ` ինչքանո՞վ է պատրաստ ռուսական իշխանությունը` խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել