«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ են կատարվել, որոնք ուժի մեջ են մտել օգոստոսի 7-ից։
Օրենքում ավելացել է նոր՝ 8․1 գլուխը (Բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն արտակարգ իրավիճակներում)․ 2 հոդվածով․
Հոդված 42.1. Արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները
1. Արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները սահմանում են արտակարգ իրավիճակում առողջապահության բնագավառի գործունեության հիմնական սկզբունքները, արտակարգ իրավիճակի հետևանքների կանխարգելման, նվազեցման և վերացման համար անհրաժեշտ միջոցառումները:
2. Արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները մշակում և հաստատում է առողջապահության բնագավառի լիազոր մարմինը:
3. Արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները վերանայվում են առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից:
Հոդված 42.2. Արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության և սպասարկման կարգը
1. Արտակարգ իրավիճակի դեպքում առողջապահության բնագավառի լիազոր մարմինը, արտակարգ իրավիճակի առաջացման հիմքով պայմանավորված, ողջամիտ ժամկետում մշակում և հաստատում է արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը, որը պարտադիր է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունների համար: