Հետիոտների համար ևս տուգանքներ կան նախատեսված՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանված են հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը և դրանց համար նախատեսված տուգանքի չափերը։

Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը` առաջացնում են տուգանքի նշանակում` 3000 դրամի չափով:

Հետիոտների կողմից ճանապարհով (այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով) շարժվելու կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:

Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:

Տրանսպորտային միջոցի ուղևորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը`առաջացնում են տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:

Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը վարելու կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:

Վերոնշյալ արարքները կատարելը, որոնք ստեղծել են վթարային իրադրություն` առաջացնում է տուգանքի նշանակում` 10 000 դրամի չափով:

Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 10 000 դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել