ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ փաստաբան Կարեն Մեջյումյանը ՍԴ-ում, վկայակոչելով վարչական ակտ, որտեղ նշված էր, թե Սերժ Սարգսյանը նախագահի նախկին թեկնածու է, խնդրեց չճանաչել Սերժ Սարգսյանի լիազորած ներկայացուցիչների մասնակցությունը գործի քննությանը:
Նույնը միջնորդեց նաև ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Նրա խոսքով՝ իր համար անհասկանալի է, որ ՀՀ քաղաքացի Սերժ Սարգսյանին այսօր ՍԴ-ում ներկայացնում է ՀՀ Արդարադատության նախարարը: Նա միջնորդեց նաև, որ գործի քննության համար վկա հրավիրել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, ինքն ի պաշտոն չէ այդտեղ և ավելացրեց, որ այս պահին ինքն արձակուրդի մեջ է:
ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը միջնորդեց ընդմիջել որոշում կայացնելու համար:
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ ՍԴ-ն մերժեց միջնորդությունը: Իսկ Սերժ Սարգսյանին` որպես վկա հրավիրելու հարցին, որոշեց անդրադառնալ ավելի ուշ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net