ՀԷՑ-ը որոշ դեպքերում պետք է տույժ վճարի ձեզ, եթե խախտել է նշված կետերը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված N 358-Ն որոշմամբ սահմանված են էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններ։

Ըստ այս կանոնների 28-րդ կետի՝ մատակարարը սպառողի էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել արտապլանային ընդհատման պահից ոչ ուշ, քան`

1) քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում`

  • այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում.
  • մյուս բոլոր դեպքերում` 4 ժամում,

2) գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում`

  • այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում.
  • մյուս բոլոր դեպքերում` 8 ժամում,

3) քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս`

  • այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում.
  • մյուս բոլոր դեպքերում` 12 ժամում:

Նշված ժամկետները խախտելու դեպքում, նույն որոշման 77-րդ կետի համաձայն, մատակարարը պարտավոր է սպառողին վճարել տույժ` սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։

Այս տույժը վճարվում է նաև, եթե խախտվել է էլեկտրամատակարարման պլանային ընդհատման համար սահմանված ժամկետը։

27-րդ կետի համաձայն, մատակարարը սպառողի էլեկտրամատակարարման պլանային ընդհատումը պետք է իրականացնի աշխատանքային օրերին` ժամը 9:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում` սակայն ոչ ավելի, քան 6 ժամ տևողությամբ:

Սպառողը (բացառությամբ բնակչության) և մատակարարը, փոխհամաձայնեցված կարգով իրավունք ունեն սահմանել սույն կետում սահմանված ժամկետներից տարբերվող էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների այլ ժամկետներ (օր կամ ժամեր), եթե վերջինս չի հանգեցնում բնակչության համար նշված սահմանված էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների ժամկետների խախտման:

Հարկ է նշել, որ նշված խախտումների համար տույժ չի վճվարում, եթե դրանք հետևանք են ֆորս-մաժորի: Սույն Կանոնների իմաստով ֆորս-մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են մատակարարի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջինիս գործադրած ջանքերից խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված նրա գործողություններին: Սույն Կանոնների իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները և ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում մատակարարի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ դրանք ֆորս-մաժոր ճանաչելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել