Ի՞նչպիսի ազդեցություն կարող է ունենալ վատ վարկային պատմությունը` հետագայում վարկ վերցնելիս

Կենտրոնական բանկից հայտնում են, որ վատ վարկային պատմությունը կարող է հետագայում խոչընդոտ հանդիսանալ ֆինանսական ծառայություններից օգտվելիս: Այն կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:

Լավ վարկային պատմություն ունենալը մեծացնում է վարկ ստանալու կամ ավելի լավ պայմաններով վարկ ստանալու հավանականությունը: Եթե Դուք պատշաճ կերպով կատարել եք Ձեր պարտավորությունները, ապա հեշտությամբ և արագ կարող եք հավակնել առավել բարենպաստ պայմաններով վարկավորման: Դա կարող է արտահայտվել վարկի ավելի ցածր տոկոսադրույքով, մարման երկար ժամկետով կամ պարզեցված փաստաթղթաշրջանառությամբ:

Ուշադրություն․ եթե դուք տրամադրել եք երաշխավորություն այն անձին, ով ունի վատ վարկային պատմություն, ապա արդյունքում Դուք նույնպես ունենում եք վատ վարկային պատնություն:

Ուշադրություն․ եթե դուք ունեք վատ վարկային պատմություն, ապա չեք կարող հանդիսանալ երաշխավորող որևէ մեկի համար վարկ ստանալիս:

Ի՞նչպես կարող եք բարելավել Ձեր վատ վարկային պատմությունը

Շատերը նույնիսկ տեղյակ չեն, թե ինչպիսի վարկային պատմություն ունեն: Ուստի, անհրաժեշտ է տեղեկանալ վարկային պատմության մասին՝ ստանալով Ձեր վարկային զեկույցը: Վարկային պատմության բարելավումը ժամանակ է պահանջում:

  • նախ, անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունները,
  • ժամանակին կատարել Ձեր վարկային մարումները և բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը,
  • մինչ դիմելը ֆինանսական կազմակերպությանը և վարկ վերցնելը հստակ ձևակերպեք՝ ինչի համար եք վարկ վերցնում և որքան գումար եք ուզում: Կարճատև ժամկետում չափից շատ հարցումները Ձեր վերաբերյալ կարող է մեկնաբանվել այնպես, որ Դուք լուրջ ֆինանսական խնդիրներ ունեք կամ վերցնում եք ավել գումար, քան կարող եք Ձեզ թույլ տալ։

Ի՞նչպես կարող եք ազատվել «վատ վարկային պատմություն» ունենալու կարգավիճակից

Վարկային պատմությունը փոփոխման ենթակա չէ առնվազն հինգ տարի, այսինքն վարկային բյուրոն Ձեր վարկային զեկույցում չի ներառում Ձեր վերաբերյալ հինգ տարուց ավելի տեղեկատվությունը:

«Վատ վարկային պատմություն» ունենալ նշանակում է ունենալ խնդրահարույց (ժամկետանց կամ դասակարգված) վարկեր, կամ հանդիսանալ վատ վարկային պատմություն ունեցող անձի համար երաշխավորող: Այն պահին, երբ խնդրահարույց վարկերի մասին տեղեկատվությունն այլևս չի արտացոլվում վարկային զեկույցում, նշանակում է, որ Ձեր վարկային պատմությունը բարելավվել է, և դուք այլևս չեք ունենում «վատ վարկային պատմություն» ունեցողի կարգավիճակ: Դա հնարավոր է հետևյալ դեպքերում.

  • սկսած ներկա պահից՝ հինգ տարուց ավել ժամանակահատվածում վարկատուն Ձեր խնդրահարույց վարկի (մարված կամ դուրս գրված) մասին տեղեկատվությունը չի թարմացրել,
  • եթե խնդրահարույց վարկը լիովին մարված է, և վերջին վճարման պահից անցել է հինգ տարուց ավել ժամանակահատված,
  • եթե Ձեր խնդրահարույց վարկի պայմանագրով սահմանված է վերջնական մարման ամսաթիվ, որն ունի հինգ տարուց ավել վաղեմություն։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել