ՀՀ արդարադատության նախարարությունում փետրվարի 27-ին անցկացվեց հանրային քննարկում` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի նախագծի առնչությամբ:
Ինչպես հայտնում է Արդարադատության նախարարությունը` քննարկմանը մասնակցում էին միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին քննարկմանը մասնակցելու համար, ինչպես նաև հույս հայտնեց ստանալ կառուցողական առաջարկներ՝ ռազմավարությունում առկա թերությունների շտկման առումով: Նրա խոսքով՝ սա ծրագրի նախնական տարբերակն է, որն ունի խմբագրման կարիք: «Չնայած մենք շարունակում ենք աշխատանքները այն վերջնական տեսքի բերելու համար, այնուամենայնիվ, օգտակար կլինի ևս մեկ անգամ քննարկենք այս նախագիծը, ներկայացնեք ձեր առաջարկներն ու դիտողությունները՝ փաստաթուղթը հնարավորինս վերջնական ու ավարտուն դարձնելու նպատակով»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:
ՀՀ ԱՆ Միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ Նարինե Սոլոմոնյանը նույնպես չբացառեց հնարավոր թերությունները:
«Բացթողումներ, անշուշտ, կան, քանի որ մի քանի իրավունքներ ներառված չեն ծրագրում. բացը կլրացվի նախագծի լրամշակման ժամանակ: Ողջունելի կլինի, եթե ձեր կողմից ստանանք առաջարկներ. արդյունքում կշահի միայն նախագիծն ու այն խոցելի կողմեր ավելի քիչ կունենա »,- ասաց Սոլոմոնյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը փոխանցեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանի ողջույնի խոսքը հանդիպման կապակցությամբ և նշեց, որ Ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի կարևորագույն փաստաթղթերից մեկը, սակայն, ՛՛եթե այս ազգային ռազմավարությունը չլինի ամենակարևոր խնդիրներին պատասխան տվողը, ապա այս փաստաթղթի ընդունումը արդարացված չի լինի: Այդ նպատակով Վարդևանյանը հորդորեց բոլոր շահագրգիռ կազմակերպություններին հետևողական լինել, ներկայացնել փաստաթղթի բացթողումները, հանդես գալ առաջարկություններով՝ հույս հայտնելով, որ դրանք անպայման կզետեղվեն ծրագրում:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց բանավոր նկատառումները ներկայացրեցին նախագծում ներառված Կյանքի իրավունքի, Առողջության պահպանման իրավունքի, Երեխաների իրավունքների, Մտքի, կրոնի խղճի և դավանանքի ազատության իրավունքի մասին միջոցառումների ծրագրի վերաբերյալ:
Քննարկմանը ներկա կառույցների ներկայացուցիչներն իրենց առաջարկությունները գրավոր և համապարփակ ձևով ՀՀ արդարադատության նախարարությանը կներկայացնեն մինչև մարտի 4-ը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը չբացառեց նախագծի շուրջ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ևս մեկ հանդիպման կազմակերպումը:
Քննարկմանը մասնակցում էին «Համագործակցություն հանուն ժողովրդավարության», «Ապագան քոնն է», «Համահայկական իրավաբանների խորհրդաժողով», «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Սոցիալական արդարություն», «Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունների, ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող «Երևանի հակակոռուպցիոն կենտրոն»-ի , ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի գրասենյակի, ԵՄ խորհրդատվական խմբի, ինչպես նաև Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչները:
Լուսանկարը` moj.am-ի
Աղբյուրը` Իրավաբան.net