Եթե էլեկտրաէներգիան, գազը, ջուրն այժմ չեն անջատում՝ դա դեռ չի ազատում օգտագործման համար վճարման պարտավորությունից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մարտի 25-ին հայտարարություն տարածեց այն մասին, որ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված ՀՀ հայտարարված արտակարգ դրությունը, այն ճանաչվել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր:

«Նման պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված համապատասխան պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը»,-ասվում է հայտարարության մեջ:

Սյուզաննա Սողոմոնյան, ԻՀԱ իրավաբան

Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ  կոմունալների, վարկերի և այլ դրամական պարտավորությունների վճարման ֆորս-մաժորային դրույթները պետք է նշված լինեն ընկերության և քաղաքացիների միջև կնքված պայմանագրերում. «Այս դեպքում կողմերը ազատվում են պարտավորությունները ժամանակին չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից»:

Նրա խոսքով, ցանկացած կոնկրետ դեպքում հարկավոր է ներկայացնել, թե որոնք են պարտավորությունը կատարելուն խոչընդոտող հանգամանքները։ «Ներկայիս արտակարգ դրության պայմաններում այդ հանգամանքներից են, օրինակ՝ ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումը, կայուն եկամուտ չունենալը, որը պայմանավորված է այս օրերին չաշխատելով, վճարում կատարելու այլ հնարավորություն չունենալը, օրինակ՝ e-banking կամ դրամային փոխանցումների այլ համակարգերից օգտվելը, և այլ օբյեկտիվ հանգամանքեր»,-նշում է իրավաբանը:

Սյուզաննա Սողոմոնյանը նշում է նաև, որ վճարումները չկատարելու դեպքում հնարավոր են տույժեր և տուգանքներ կիրառվեն, որը սահմանվում է Քաղաքացիական օրենսգրքով, ըստ որում՝ պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:

Դատարանը կամ ֆինանսական համակարգի հաշտարարը պարտապանի պահանջով պակասեցնում է վճարման ենթակա կամ վճարված պայմանագրով որոշված տուժանքի չափը, եթե տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, և պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով, և օրենքով կամ պայմանագրով անհաղթահարելի ուժը չի ազատում պատասխանատվությունից:

Ինչ վերաբերում է վճարումները կատարելու ժամկետներին, ապա իրավաբանը նշում է, որ դրանք կարող են տարբեր լինել տարբեր ծառայությունների համար, ժամկետների համար պետք է ուսումնասիրել ընկերությունների հետ կնքված պայմանագրերը և կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը։ 

Հավելենք նաև, որ մարտի 31-ին, ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ի, «Վեոլիա ջուր» ընկերության և «ԳազպրոմԱրամենիայի» հետ արդեն քննարկումներ է ունեցել և ինչ-որ բանաձևով լուծումներ կտրվեն վճարումների բախշման համար: «Բոլոր էլեկտրոնային հարթակները գործարկել ենք և եթե անձիք, այնուամենայնիվ, պատրաստ են վճարումներ կատարել, ես կոչ կանեմ դա իրականացնել էլեկտրոնային եղանակով ու ևս մեկ անգամ կոչ կանեմ բոլորին, որ հնարավորինս սահմանափակեն իրենց ելքը տնից»,-ասաց Ավինյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ևս հայտնում է, որ կոմունալ ծառայությունների տրամադրումը չդադարեցնելը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել