Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է նեկայացրել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստը և մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտ ընդունել ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:
Չաշխատող անձ կհամարվի նաև, մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:
Եթե մայրության նպաստ հաշվարկելուց, նշանակելուց և վճարելուց հետո վարձու աշխատողը այլ գործատուի հետ կկնքի աշխատանքային պայմանագիր, ապա վարձու աշխատողին հղիության և ծննդաբերության արձակուրդ տալու մասին անհատական իրավական ակտը այլ գործատուն կընդունի հիմնական գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենի հիման վրա:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայացվող նախագծերի նպատակն է ժամանակավոր անաշխատունակության նպաստի, մայրության նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի համակարգերին առնչվող` հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխություններից բխող նոր կարգավորումներ սահմանելն է: