Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր՝ փետրվարի 21-ին, ընթանում է Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը։
Արսեն Դավթյանի պաշտպանները միջնորդեցին՝ լրագրողներին արգելել ձայնագրել դատական նիստը: Նիստը նախագահող դատավորը նշեց, որ չի թույլատրում տեսալուսանկարահանել, սակայն ձայնագրելը թույլատրվում է։
Գործով վկա Արթուր Հովսեփյանը նշեց, որ ճանաչում է ամբաստանյալ Ռազմիկ Աբրահամյանին, աշխատել են նույն ոլորտում:
Նա նշեց, որ ինքը և Արսեն Դավթյանը և ևս մեկ անձ, աշխատանքային գործունեության ժամանակ են եղել փոխնախարարի աշխատասենյակում: Արսեն Դավթյանին թողել են սենյակում և դուրս եկել ընդմիջման համար սնունդ գնելու: Երբ վերադարձել են, աշխատասենյակում են եղել արդեն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:
«Ես առավոտյան էլ եմ եղել Դավթյանի մոտ, առողջապահական ապահովագրության վերավերյալ քննարկում ենք ունեցել: Նրա մոտ եղել է նաև այդ օրը Ռազմիկ Աբրահամյանը»,-նշեց Արթուր Հովսեփյանը:
Արսեն Դավթյանը հարց ուղղեց վկային. «Ինչի՞ հիմա վրա էին տրվում հավելյալ գումարները ԲԿ-ին»:
Վկան նշեց, որ գումարը տրվում է նախարարի հրամանով, իսկ ոլորտը համակարգում էր Արսեն Դավթյանը: «Եթե սահմանվածից շատ հիվանդ էինք ընդունում, նախարարությունը վերաբաշխում էր կատարում, կարող էր գումար տալ, կարող էր չտալ»,-նշեց վկան:
Կողմերը այլ հարցեր չունեին։ Էրեբունի ԲԿ-ի աշխատակից Արթուր Հովսեփյանի հարցաքննությունը ավարտվեց:
Նիստի ավարտին Արտուշ Գաբրիելյանը բավարարեց նաև Արսեն Դավթյանին հեռախոսը հետ վերադարձնելու վերաբերյալ միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող, ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: