«Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց․ 1378 աշակերտից բացակ է 727-ը, Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց․ 1866 աշակերտից բացակա է 1421-ը..․»․ Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանի գրառումն է։
Նրա խոսքով, դպրոցներում այս օրերին աշակերտների բացակայությունների մեծ թիվ է գրանցվում, այնինչ պատկան մարմինները այս մասին բարձրաձայնումները համարում են խուճապ։ «Հարգելի խուճապ է. և այն երեխաներին, որոնց դպրոց չեն ուղարկում, ծնողների անհանգստությունը նորմալ է։ Դա այն անհանգստությունն է, որն իրականում կա և ես համաձայն չեմ այն թվերի հետ, որ բացակայողների 25 տոկոսն է հիվանդ և մնացածը չեն գալիս՝ չվարակվելու համար»,-նշում է ավագանու անդամը՝ հավելելով, որ իր երեխան ևս, ով Պուշկինի անվան համար 8 դպրոցի աշակերտ է՝ հիվանդ է։
Նա նաև նշում է, որ երեխայի ջերմությունն իջնելու դեպքում ծնողները շտապում են նրանց տանել դպրոց՝ բացակայություններ չունենալու և վերաքննություն հանձնելուց խուսափելու համար, ինչի պատճառով էլ վարակվում են մյուս երեխաները։
«Ես քաղաքապետարանին առաջարկել էի մի քանի տարբերակ, խոսել եմ բոլոր գերատեսչությունների հետ, որ գարնանային արձակուրդների փոխարեն գոնե մեկ շաբաթ արձակուրդը տեղափոխեն, կամ մեկ այլ տարբերակ, որը խելամիտ էր․ քաղաքապետարանը միջնորդի կրթության, գիտության նախարարությանը, որ այն երեխաները, որոնք բժշկի կանչ կունենան, պոլիկլինիկայից հաստատված թուղթ կունենան՝ չստանան այդ բացակաները և չհաճախեն դպրոց։ Նման դեպքում ծնողները չեն վախենա բացակաների համար ու հիվանդ երեխաներին դպրոց չեն ուղարկի»,-ասաց Անի Խաչատրյանը։
Ավագանու անդամը նաև հավելեց, որ պետական մարմիններից տնօրենները զանգեր են ստանում, որ ասեն՝ երեխաներին դպրոց բերեն ծնողները, նրանք էլ ուսուցչական անձնակազմին են ասում՝ իրենք էլ՝ ծնողներին, և կոչ անում երեխաներին դպրոց տանել, ինչը պարտադրանքի է նմանվում։
Առողջապահության նախարարի խորհրդական, Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանն էլ նշում է՝ նորմալ է, որ այս սեզոնին հիվանդացության դեպքեր են գրանցվում․ ինքն էլ վատառողջ է: «Իհարկե սա բոլորիս էլ անհանգստացնում է: Թե՛ առողջաահության նախարարությունը, թե՛ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը ամեն միջոց ձեռնարկում են առավելագույնս կանխարգելելու նպատակով»,-նշում է Աշոտ Սարգսյանը:
Նրա խոսքով, մեծ թվով բացակաների մեջ չկա տարաջատում, թե երեխաներից քանի՞սն են իրականում հիվանդ լինելու պատճառով բացակայում դպրոցից և կան շատ դեպքեր, երբ ծնողները մտավախություն ունենալով, որ երեխաները կարող են վարակվել՝ չեն ուղարկում դպրոց և նման դեպքերը կազմում են բացակայությունների շուրջ 60-70 տոկոսը:
Աշոտ Սարգսյանը նաև նշեց այն դեպքերի մասին, որ թեպետ երեխաները կարող է դպրոց չհաճախեն, բայց կարող է տանը մնալով հրավիրեն հարևանի երեխային կամ գնան որևէ ժամանցի վայր, որտեղ էլի շատ երեխաներ կան, ինչն էլ էլի վարակի տարածման տարբերակ է:
Առողջապահության նախարարի խորհրդականը կոչով դիմեց ծնողներին:
Հավելենք նաև, որ փետրվարի 10-ի տվյալների համաձայն, առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օրական կտրվածքով շարունակվում է սուր շնչառական վարակների համաճարակաբանական դիտարկումը, որի արդյունքները փաստում են, որ հիվանդացությունն ունի աճման միտում:
Հիվանդացության աճ է գրանցվել ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում։
Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության համաճարակաբանական մշտադիտարկումը շարունակվում է նաև դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում: Այսօրվա տվյալներով` հանրապետությունում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 3,8%-ը: Եզակի կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ: Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններում հնարավորինս բացառելու նպատակով այդ կազմակերպություններում՝ ներգրավելով շահագրգիռ կառույցների ներուժը, ուժեղացվել է «համաճարակային ֆիլտրը»: Արդյունքում՝ չի թույլատրվել 1894 (723-ը Երևանում, 1171-ը՝ մարզերում) երեխայի մուտքը կրթական հաստատություններ:
Հիշեցնենք, որ հանրապետությունում դեռևս շրջանառում են գրիպի Ա H1N1 ենթատեսակը և Բ տեսակը, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):
Մանրամասները՝ տեսանյութերում
Ալիսա Չիլինգարյան