Դպրոցներում տաք ջուր չկա, զուգարաններում գարշահոտ է․ առողջապահության նախարարի սահմանած ստանդարտները չեն պահպանվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հունվարի 9-ի կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ վերջիններս իրենց մաքսիմալ հարմարավետ զգան մեր երկրում։

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հանրապետության տարբեր օբյեկտների սանհանգույցների խնդրին:

«Տեսնում ես՝ որևէ տեղ բացված է 5 հարկանի ռեստորան, որտեղ աթոռները ոսկեջրած են և այլն, բայց երբ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, քեզ թվում է, թե, ասենք, աղետյալ ինչ-որ մի շրջանում ես գտնվում: Մարդիկ 100 հազար դոլար են ներդնում ինչ-որ մի շենք կառուցելու համար, ու հետո հասկանում ես, որ ալարել են 200 դոլար ներդնեն, որ այդ տարածքը սանհանգույց ունենա՝ ոչ միայն մաքուր լինելու առումով, այլև քաղաքաշինության առում ով: Ընդ որում այդտեղ էլ պետք է ստանդարտներ ունենանք: Այսինքն՝ մենք պետք է մարդկանց հստակ ասենք՝ չի կարելի 500 հազար դոլարանոց շինություն կառուցել, ռեստորան կառուցել և ենթադրենք ալարել 50 դոլար ավելի ծախսել պատշաճ սանհանգույց ունենալու համար: Դա իսկապես քաղաքակրթական խնդիր է։ Այս հարցը ոչ միայն սանիտարական, այլև քաղաքաշինական նորմերի հարց է»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Իրավաբան․net-ի նկարահանող խումբը շրջել է Երևանում գտնվող դպրոցներից 3-ում և պարզել է, թե ինչպիսի սանիտարահիգիենիկ պայմաններ են ստեղծված Հայաստանում ապրող երեխաների համար․ դրանք են՝ Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցը, Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցը և Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը։

Առողջապահության նախարարի 2017 թվականի 12-Ն հրամանով սահմանված է, թե ինչ ստանդարտների պետք է համապատասխանի դպրոցի սանհանգույցը։

Հրամանում նշված է, որ դպրոցի յուրաքանչյուր հարկում պետք է տեղակայվեն և՛ աղջիկների, և՛ տղաների առնվազն մեկական սանհանգույցներ։ Յուրաքանչյուր մասնաշենքում նախատեսվում է անձնակազմի համար սանհանգույց:

Մեր այցելած 3 դպրոցներից միայն մեկում էր այս կանոնը պահպանված՝ Նելսոն Ստեփանյանի անվան N 71 դպրոցում։

Թիվ 1 դպրոցի տնօրեն Աննա Եղյանը նշում է, որ դպրոցը առանձնահատկություններ ունի, այն կառուցվել է 1928 թվականին, Երևանի առաջին դպրոցն է։

«Այն առանձնահատուկ է, որովհետև շենքային պայմանները, շենքի նախագիծը այլ կերպ է։ Կառուցված է այլ շինանյութերով և դրանում է կայանում իր առանձնահատկությունը»,-նշեց տնօրենը։

Դպրոցի շենքի դիմային մասը, որը Մաշտոցի պողոտային վրա է, բավականին լավ տեսք ունի, սակայն նույնը չի կարելի ասել շենքի հետնամասի վերաբերյալ։ Այն բավականին անխնամ է, պատը ճաքած է․ «Լուրերից, աշխատակիցներից տեղեկացել եմ, որ սաստիկ ձմռան պատճառով տանիքը վնասվել է, որն էլ իր հերթին բերել է ֆասադային հատվածի վնասվածքի և այդպես էլ մնացել է։ Դա եղել է 5-6 տարի առաջ, տնօրենը այդ ժամանակ ես չէի։ Առաջին իսկ հնարավորության դեպքում աշխատանքներ կտարվեն»,-նշում է նա։

Հրամանում նշվում է․ «Հաստատության զուգարանների սենքերը և սարքավորումները պահվում են մաքուր վիճակում, ապահովվում են հեղուկ օճառով, ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա միանվագ օգտագործման սրբիչներով, զուգարանի թղթով»:

Շահումյանի դպրոցի զուգարանները բավականին անմխիթար էին․ սա վերաբերում է ոչ թե մաքրությանը (երևում է, որ հնարավոր ամեն ինչ արված էր), այլ՝ ճաքած պատերին, ժանգոտած խողովակներին, հին միզամաններին։ Դպրոցի դասասենյակներում տաք էր, սենյակներից մեկում ջերմաստիճանը +24 էր, սանհանգույցներում բավականին ցուրտ էր, ջերմաստիճանը ցածր էր +16-ից։ Առաջին հարկի պատուհանների վրա չկային փականներ։

Դասարանների և այլ ուսումնական ու օժանդակ սենքերի մաքրումը պետք  է կատարվի դասերից հետո՝ բաց պատուհաններով։ Մեր նկարահանող խումբը դպրոցում է եղել անմիջապես դասերից հետո։ Սանհանգույցներում զգացվում էր մաքրող միջոցների ուժեղ հոտը (նաև՝ ժավել)։

Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում սանհանգույց կար 1-ին  և 3-րդ հարկում։ 2-րդ հարկի սանհանգույցը կողպված էր, փոխտնօրենը նշեց, որ դրանից մեկ-մեկ օգտվում են ուսուցիչները, աշակերտների մուտքը արգելված է։

Այս դպրոցում ևս պահպանված չէին առողջապահության նախարարի կողմից ստորագրված հրամանի պահանջները։ Խնդիրներ կան օդափոխության հետ կապված։ Բացի Շահումյանի թիվ 1 դպրոցից, որտեղից մաքրող հեղուկների հոտ էր գալիս, մյուս 2 դպրոցներում գարշահոտ էր։ Զուգարանների պատուհանները կողպված էին կամ ընդհանրապես բացակայում էին։

Նկարներում պատկերված է 2-րդ հարկի կողպված զուգարանը, որից երբեմն օգտվում են ուսուցիչները։ Ուսուցիչները օգտվում են կամ այս մեկից, կամ 3-րդ հարկում տեղակայված աղջիկների զուգարանից։ Փոխտնօրենը նշեց, որ արդեն մի քանի ամիս է, ինչ խողովակների հետ խնդիրներ կան, խցիկներից միայն մեկն է աշխատում և այս դեպքում սանհանգույցը օգտագործվում է որպես պահեստ։

Դպրոցում ջերմաստիճանը նորմայի սահմաններում էր, միջանցքներում նույնպես տաք էր։

Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում  պահպանված էին հրամանում նշված պահանջների մեծ մասը։ 2-րդ և 3-րդ հարկում 2-ական զուգարաններ կային տղաների և աղջիկների համար։ Կար օճառ, զուգարանի թուղթ։ Դպրոցում մի քանի տարի առաջ էր վերանորոգում իրականացվել դպրոցի բարերարի ջանքերով։

Այս դպրոցում նույնպես օդափոխության հետ խնդիր կար։ 3 դպրոցներում էլ չկար տաք ջուր։

 Հրամանում նշվում է․ «Հաստատություններում առկա լվացարաններին միացվող տաք ջուրը պետք է լինի 37 աստիճան ցելսիուսից ոչ բարձր»:

Նշենք, որ 3 դպրոցներն էլ գտնվում են Երևանի Կենտրոնում։ Միայն մեկն էր համպատասխանում ներկայացված պահանջներին, դպրոցի բարերարն էր օգնել։ 

 

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել