Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ արձակվեց։
Դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշեց բավարարել դատախազի կողմից ներկայացված միջնորդությունը՝ փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը։
Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունվարի 15-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատախազության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրվել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ։
Դատարանը որոշում կայացրեց կալանքիզ ազատել Մանվել Գրիգորյանին։
Փորձաքննությանը մասնակցած և այսօր դատարան ներկայացած բժիշկ-փորձագետ Գագիկ Հարությունյան խոսքով, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի ոչ ցանկալի բարդացում է գրանցվել, որը անկանխատեսելի հետևանքների կարող է հանգեցնել, նա նաև սրտի անբավարարվաություն ունի՝ բարձր աստիճանի, Գրիգորյանի նախորդիվ նշված մի շարք հիվանդություններ բարդացել են։ «Զարկերակային ճնշման թվերը կյանքին վտանգ սպառնացող են»,-նշեց նա։
Հավելենք, որ Մանվել Գրիգորյանը երեկ տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։
Նրա պաշտպաններն ամիսներ շարունակ մի շարք միջնորդություններ էին ներկայացնում դատարան՝ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ, սակայն դատարանը դրանք մերժում էր։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: