Իրավաբանների հայկական ասոցիացիան հավատարիմ մնալով իր առաքելությանն ու որդեգրած գործելաոճին, այն է՝ օժանդակել իրավաբան ուսանողների, իրավաբանների, իրավաբանությամբ և կոռուպցիայի դեմ պայքարով հետաքրքրվող անձանց մասնագիտական կարողությունների և բարեխղճության ու հարակից հմտությունների զարգացմանը, մեկնարկում է եռամսյա կամավորական ծրագիր՝ իրավաբան ուսանողների համար:
Ծրագրի նկարագրությունը
Իրավաբանների հայկական ասոցիացիան իրավաբան ուսանողների մասնագիտական գիտելիքների, նրանց ինքնակազմակերպման ու հետազոտությունների կատարման հմտությունների զարգացմանը խթանելու նպատակով մեկնարկում է կամավորական/փորձնակության եռամսյա ծրագիր։ Ծրագրի ընթացքում իրավաբան ուսանողները ձեռք կբերեն․
- գիտելիքներ հակակոռուպցիոն, դատաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում պետության կողմից վարվող քաղաքականությունների վերաբերյալ,
- տեսական և պրակտիկ գիտելիքներ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրավական կարծիքներ կազմելու, օրենսդրության կատարելագործման, միջազգային իրավական փաստաթղթերին օրենսդրության ներդաշնակեցման և համապատասխանեցման վերաբերյալ վերլուծություններ կատարելու, օրենսդրական ակտերի նախագծերում առկա կոռուպցիոն ռիսկեր վեր հանելու և այլնի վերաբերյալ,
- հմտություններ հակակոռուպցիոն, դատաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում հետազոտությունների և ուսումնասիրությունների կատարման, դրանց հիման վրա փաստարկված առաջարկությունների մշակման ուղղությամբ,
- փորձառություն այդ քաղաքականությունների նկատմամբ արդյունավետ հանրային վերահսկողություն և մշտադիտարկում իրականացնելու գործում,
ինչպես նաև՝
- կունենան իրենց նպաստն ու ներգործությունը վերը նշված ոլորտներում բարեխիղճ` թափանցիկ, հաշվետու, արհեստավարժ հանրային կառավարման համակարգի զարգացմանը:
Կամավորական ծրագիրը նախատեսված է իրավաբանական ֆակուլտետների բակալավրիատի 3-4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողների, ինչպես նաև շրջանավարտների համար:
Կամավորական եռամսյա ծրագիրը բաղկացած է լինելու երկու փուլերից՝ կրթական և պրակտիկ:
Կրթական փուլը ներառում է երկշաբաթյա դասախոսությունների և պարապմունքների շարք հակակոռուպցիոն, դատաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների հանրային քաղաքականությունների, դրանց իրականացման նկատմամբ արդյունավետ հանրային վերահսկողություն և մշտադիտարկում իրականացնելու, իրավական կարծիքներ կազմելու, օրենսդրական ակտերի նախագծերում կոռուպցիոն ռիսկեր վեր հանելու, միջազգային փորձի հետազոտությունների և ուսումնասիրությունների կատարման և այլնի վերաբերյալ:
Պրակտիկ փուլը ներառում է պրակտիկ աշխատանքների կատարում՝ կոնկրետ առաջադրանքների տեսքով՝ կցված մենթորների օժանդակությամբ:
Ծրագրի ժամկետները
2020 թվականի փետրվարի 10-ից ապրիլի 10-ը ներառյալ:
Աշխատաժամանակը և ավարտական հավաստագրերը
Աշխատանքային օրերին, շաբաթական 10-20 (կամ ավել) ժամ տևողութամբ։
Այն թեկնածուները, ովքեր ցանկություն կհայտնեն, որ իրենց շաբաթական աշխատանքի տևողությունը կազմի 20 ժամ կամ ավել, ապա նրանց հետ կկնքվի կամավորական աշխատանքի պայմանագիր և վերջում կտրամադրվի հավաստագիր՝ նշումով, որ կամավորական աշխատանքը կատարվել է կամավորական աշխատանքի պայմանագրի հիման վրա:
Այն թեկնածուները, ովքեր ցանկություն կհայտնեն, որ իրենց շաբաթական աշխատանքի տևողությունը կազմի նվազագույն՝ 10-ից մինչև առավելագույն՝ 19 ժամը, ապա նրանց կտրամադրվի ընդհանուր բնույթի հավաստագիր։
Ավարտական հավաստագրերը տրամադրվելու են կամավորական աշխատանքների պատշաճ, բարեխիղճ և ամբողջական կատարման դեպքում։
Կամավորների աշխատանքային գրաֆիկը կազմվում է հաշվի առնելով կամավորի շաբաթական ծանրաբեռնվածությունը: Այն ճկուն է և ընթացքում կարող է փոփոխության ենթարկվել:
Վայրը
ՀՀ․ ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2:
Թեկնածուին ներկայացվող պահանջները
- Իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատի 3-4 կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներ, այդ ֆակուլտետի շրջանավարտներ,
- համակարգչային հմտություններ (Microsoft office), ներառյալ՝ էլեկտրոնային գործիքներից օգտվելու կարողություններ,
- գրավոր փաստաթղթեր կազմելու հմտություններ, վերլուծություններ և հետազոտություններ կատարելու կարողություններ, պատասխանատվության բարձր զգացում,
- հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված անձինք մինչև սույն թվականի հունվարի 28-ը ներառյալ, պետք է լրացնեն հայտը:
Անհրաժեշտության դեպքում թեկնածուից կարող է պահանջվել այլ փաստաթղթեր։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով․ +37410 540199։
Ընտրությունը
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Միայն ընտրության փուլը հաղթահարած թեկնածուների հետ կապ հաստատվի՝ հարցազրույցին հրավիրելու նպատակով:
Կազմակերպության մասին
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (նախկին անվանումը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա) ստեղծվել է 1995թ.-ին: Իրավաբանների հայկական ասոցիացիայի հիմնական նպատակն է համախմբել իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն: Աշխատելով իրավական ոլորտում Կազմակերպությունն իրականացնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն և օրենքի գերակայության խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armla.am/ պաշտոնական կայքում: