Համեստ, թե՞ ամբիցիոզ նպատակներ․ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ապագան՝ մեր ձեռքերում

Շրջակա միջավայրի պահպանության նպատակով Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 3 մեծ կարևորություն ունեցող կոնվենցիա։ Դրանք են՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիան, Անապատացման դեմ պայքարի միջազգային կոնվենցիան և Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան։

Հայաստանը այս 3 կոնվենցիաների շրջանակներում ստանձնել է պարտավորություններ, որոնք պետք է կատարի։ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիաn վավերացնելով ՀՀ-ն պարտավորվել է ավելացնել անտառային լանդշաֆտները, նվազեցնել մթնոլորտում ջերմոցային գազերի պարունակությունը և այլն։ Իրավաբան․net-ի հետ զրույցում Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը նշեց, որ իր պաշտոնից հրաժարականի պատճառները նաև կապվում են այս կոնվենցիայի հետ։

«Հայաստանը այսօր խնդիր ունի գոյություն ունեցող անտառածածկի մասով։ Անապատացման դեմ պայքարի միջազգային կոնվենցիայով մենք նշել ենք, որ ապահովելու ենք չեզոք դեգրադացիա, այսինքն փորձելու ենք մեր բացասական գործողությունների հետևանքները նվազեցնել և ստեղծել կայուն էկոհամակարգ։ Ճիշտ կլիներ, որպեսզի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում մենք կրկին վերցնեինք գոյություն ունեցող անտառների վերականգնման գործողությունը, սակայն Հայաստանը պարտավորվել է ավելացնել անտառները։ Կոնվենցիաների միջև հարմոնիա չկա»,-նշում է Այսեր Ղազարյանը և հավելում, որ սա ոլորտային քաղաքականության առումով պատասխանատու գերատեսչությունների կուրության հետևանք է։

2018 թվականի դեկտեմբերին Հայաստանը պետք է Կատովիցայում տեղի ունեցած Կլիմայի պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի 24-րդ համաշխարահային կոնֆերանսի (COP24) ժամանակ վերահայտարարագրեր 2015 թվականին ստանձնած իր պարտավորությունները։

Այսեր Ղազարյանի խոսքով՝ այն, ինչ հայտարարվել էր 2015-ին, իրատեսական չէր և այլ նպատակներ ուներ։

«Կոնվենցիայի շրջանակներում այն երկիրը, որը ավելի բարձր նիշ էր վերցրել և ավելի ամբիցիոզ էր գտնվել, նա ավելի շատ ակնկալիք կարող է ունենալ միջազգային ֆինանսական աջակցության՝ արտոնյալ վարկերի և դրամաշնորների տեսքով Կանաչ կլիմայի ֆոնդի ներքո։ Մենք վերցրել էինք մի պարտավորությունը, որը ֆինանսապես, տեխնիկապես իրագործելի չէ և մոտ 5 տարի հետո միջազգային հարթակներում հեղինակության լուրջ խնդիր ենք ունենալու»,-նշում է Ղազարյանը՝ հավելելով, որ այսպիսի «լուծումը» ձեռնտու է ոչ միայն Հայաստանում գործող խմբերի, այլ նաև միջազգային կազմակերպություններին, որոնք Հայաստանին փորձում են «պիոներ» ներկայացնել մեծ պետությունների առաջ, թե տեսեք՝ սահմանափակ կարողություններով փոքր երկիրը ինչ թվեր է ամրագրում։

Ղազարյանի պնդմամբ՝ Հայաստանը պետք է վերահայտարարի իր ստանձնած պարտավորությունները։ Նախկին փոխնախարարի խոսքով՝ վերահաշվարկի արդյունքում հայտարարված թվերը 3-4 անգամ կնվազեն․ «Կան համապատասխան միջազգային հարթակներ (IUCN), որտեղ կան նախնական հաշվարկված թվերը։ Հայաստանի համար 1 քառակուսի մետրի համար հաշվարկվել է 100 հազար հեկտար»։

Մեր հարևան Վրաստանը Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում այլ մարտավարություն է ընտրել։ Վրաստանի համար հաշվարկվել է նվազագույնը 200 հազար հեկտարի հնարավորություն, սակայն երկիրը 2030 թվականի համար պարտավորվել է 1500 հեկտար անտառապատ տարածքների ավելացում կատարել այլ նպատակային նշանակության հողերի վրա, 7500 հեկտար քայքայված, դեգրադացված անտառի վերականգնում՝ բնական վերաճին օժանդակման միջոցով։

Իսկ Հայաստանը, այն թիվը, որը հայտարարվել էր 2050 թվականի համար, այն է մոտ 265 հազար հեկտար, վերահայտարարագրվեց Կատովիցայում ու ամբողջը անտառապատման նպատակով։

Վրաստանը՝ 1500 հեկտար անտառապատում, Հայաստանը՝ 265 հազար հեկտար այն դեպքում, երբ առաջինը բավականին մեզոֆիլային տարածքներ ունի, տարեկան տեղումների քանակը ավելի շատ է, հողային պայմանները ավելի լավն են։ Դրա փոխարեն Վրաստանը վերցրել է մոտ 260 հազար հեկտար կայուն անտառկառավարման մոտեցումների կիրառման պարտավորություն։

Այսեր Ղազարյանը պնդում է, որ Հայաստանը չունի նշված նպատակին հասնելու ո՛չ հողային, ո՛չ ֆինանսական, ո՛չ տեխնիկական հնարավորությունները․ «Հրաժարականիս պատճառներից մեկը հենց դա էր։ Որքան փորձեցի դադարեցնել նախկին բացասական իներցիաները, չստացվեց»։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, սակայն, վերոնշվածի հետ համաձայն չէ։ Նրա խոսքով՝ այս պահին վերահաշվարկ է իրականացվում Համաշխարհային բանկի և Բնության պահպանության միջազգային միության (IUCN)՝ վերջնական թվերը հաստատելու համար։

Իրավաբան․net-ի հետ զրույցում նախարարը մասնավորապես նշեց․ «Պետք է հաշվի առնել այն տարածքները, որտեղ աշխարհագրորեն մենք չենք կարող անտառապատում իրականացնելուց հետո, պետք է հանել այն տարածքները, որտեղ սոցիալտնտեսական պայմաններից ելնելով մենք չենք կարող այդ գործողությունները իրականացնել։ Դա քաղաքային, վարելահող, պտղատու այգիներն են։ Այդ աշխատանքները իրականացնելուց հետ ավելի հստակ թիվը կունենանք»։

Նախարարի խոսքով՝ այս տարի պետությունը 424 միլիոն դրամ է հատկացրել անտառապատման աշխատանքներին, իսկ այս պահի դրությամբ 400 հազար տնկի արդեն տնկվել է, աշխատանքներում ներգրավվել է շուրջ 700 սեզոնային աշխատող։

«Մեծ ծրագրերի դեպքում, որոնք նախատեսում ենք իրականացնել, խոսքը կգնա արդեն հազարավոր, եթե ոչ՝ տասնյակ հազարավոր մարդկանց մասին, որոնք կներգրավվեն մարզերից՝ այս աշխատանքները իրականացնելու համար»,-նշեց Գրիգորյանը։

Հոկտեմբերի 16-ին «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանում կտնկվի 10 միլիոն ծառ։ Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Հայաստանում այդքան տնկիներ կան, կամ ռեսուրսներ կա՞ն այդ թվով ծառ տնկելու համար, ինչին նախարարը պատասխանեց․ «Կտնկենք։ Մոտ 1 միլիոնի չափ կտրամադրի «Հայանտառը», մոտ 1 միլիոն՝ մեր հիմնական գործընկերներից մեկը, 1 միլիոնի չափ ակնկալում ենք գործընկեր երկրներից մեկից։ Մեծ մասը մենք նախատեսում ենք ներկրել Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից։ Ներկրվելու են այն ծառատեսակները, որոնք բնորոշ են մեր անտառային տարածքներին։ Ինվազիվ տեսակներ չեն մտցվի անտառային տարածքներ։ 10 միլիոնի ծրագիրը իհարկե կանենք»։

Նախարարը նշում է, որ այս պահին անտառագետները արդեն 7000 հեկտար առանձնացրել են, մասնագետները այս պահին էլ տեղում աշխատում են։ Ծառերի հիմնական մասը տնկվելու է անտառային տարածքներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում։ Տնկիները տնկելու դեպքում էլ ոռոգման կարիք չի լինելու․«Միանշանակ համոզված եմ, որ հասցնելու ենք»։

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանի խոսքով՝ Անապատացման դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի և Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի բարձրացված խնդիրները իրար հետ համահունչ են, որովհետև այսօր Հայաստանը ունի անտառազրկման հետևանքով անապատացման երևույթների խորացում․ «Եթե դու ինչ-որ մի տեղ հողի վրա կառուցապատում ես իրականացնում, դա պետք է կոնպենսացվի մեկ այլ տեղ՝ ավելի բարվոք հողաշերտ ստեղծելով, անտառապատում կատարելով։ Տարաբնույթ է թվում, բայց ես, որպես մասնագետ կարող եմ ասել, որ 2 կոնվենցիաները նույն ուղղությունն ունեն»։

Նրա խոսքով՝ 265 հազար հեկտարը կարող է մեծ թիվ թվալ, բայց շատ գործոններ կան, որոնք պետք է հաշվի առնել։

«Պետք է հաշվի առնենք, որ ունենք դաշտապաշտպան շերտերի վերացման խնդիր, ճանապարհների անվտանգության համար ճանապարհի կողքով անտառաշերտերի բացակայության խնդիր։ Մենք համայնքներում ունենք չօգտագործվող հողեր, դրա հիմնական պատճառը ոռոգման բացակայությունն է։ Եթե այդ հողերում ստեղծվեն անտառապաշտպան շերտեր, ապա քամու կողմից էրոզիայի ենթարկվող հողերը ավելի բարենպաստ պայմաններ կունենան խոնավությունը պահելու համար և նպաստավոր պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսության համար։ Դա կոչվում է agroecology, երբ անտառապատումը և գյուղատնտեսությունը իրար հետ համահունչ են զարգանում»,-նշում է Դիանա Հարությունյանը և հավելում, որ այս համակարգի աշխատանքի դեպքում մենք չորացող կլիմայի դեպքում ունենալ գյուղատնտեսության գամար ավելի լավ պայմաններ։

Այստեղ կարևորվում է նաև համայնքների հետ աշխատանքը, քանի որ վերջիններս ավելի ճիշտ ընտրել անտառապատման համար անհրաժեշտ հողատարածքները։ Երբ անտառաշերտերը կարողանան ինքնավերականգնվել, դրանք կարող են դիտարկվել նաև որպես փայտյանյութի աղբյուրները։

«Սակայն դրա համար մոտ 15-20 տարի անհրաժեշտ կլինի, երբ անտառային գոտիները կկարողանան ձևավորվել և դառնալ ինքնակարգավորվող»,-նշում է Դիանա Հարությունյանը։

10 միլիոն ծառ տնկելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին Դիանա Հարությունյանը նշեց, որ դա մի օրվա աշխատանք չէ։ Կլինեն աշնանային և գարնանային ծառատունկի սեզոններ։

«Եթե կարողանանք հանրությանը կոնսոլիդացնել և եթե յուրաքնաչյուրը իր դերակատարումը ունենա այս գործում, ապա կստացվի։ Այն երկրները, որոնք նման ամբիցիոզ խնդիրներ են դրել, կարողացել են ներգրավել դպրոցականների, համայնքների ներկայացուցիչներին, որոշակի վճարի դիմաց նաև գործազուրկներին։ Եթե մենք չդնենք ամբիցիոզ և հեռահար նպատակներ, ապա ճանապարհի կեսն էլ չենք կարողանա անցնել։ Պետք է ոչ թե քննադատել, որ շատ ամբիցիոզ է, այլ անել ամեն ինչ, որ դրանք չլինեն ամբիցիոզ, այլ լինեն իրատեսական»,-նշում է ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյան։

Էկոլոգիական աղետից խուսափելու, կլիմայական ճգնաժամը կանխելու համար ոլորտի պատասխանատուները պետք է կլիմայական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն և չարհամարհեն գիտական փաստերը, որոնք հաստատում են վերահաս էկոլոգիական աղետը:

Չէ որ, դուք կարող եք գողանալ հազարավոր երեխաների մանկությունը և երազանքները։ Գործե՛ք հիմա։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել