Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային, համայնքային ծառայությունների ներդրման ու զարգացման ռազմավարությունը և Ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների 2020-2024 թվականների պլան-ժամանակացույցը:
Նախագծի նպատակն է իրականացնել խնամքի ինստիտուցիոնալ ծառայություններից աստիճանաբար և անցնցում անցում համայնքային ծառայությունների մատուցմանը, շեշտադրելով համայնքի և ընտանիքի դերը տարեցի կյանքում, ինչպես նաև տարեցի մասնակցությունը համայնքային կյանքում և որոշումների կայացմանը: ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածն ամրագրում է, որ տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներից մեկն է և պետությունը պարտավոր է իր հնարավորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել նշված հոդվածում ամրագրված խնդիրների իրականացման համար:
Ակնկալվում է, որ Ռազմավարության գործողության ժամկետի ավարտին, կիսով չափ կնվազի տուն-ինտերնատներ դիմողների թիվը` ընդունելության կարգը և պայմանները վերանայելու արդյունքում, տուն-ինտերնատներում խնամվողների թիվը 60%-ով կնվազի, մեկ տուն-ինտերնատ կլուծարվի և հանրապետության բոլոր մարզերում կգործեն այլընտրանքային համայնքային ծառայություններ` համայնքային փոքր տներ, շուրջօրյա խնամող դայակի ծառայություն, աջակցություն տարեց խնամող ընտանիքին, տարբեր ուղղվածության ցերեկային կենտրոններ, խնամատար ընտանիքի ծառայություն և այլն, մի մասն էլ կվերադառնա ընտանիք, որին կտրամադրվի սոցիալական աջակցություն:
Նախագծում նշվում է նաև, որ այժմ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է բնակչության ծերացման և դրա հետևանքները հաղթահարելու մարտահրավերի առջև: Եթե տարիներ առաջ մեր պետությունն իր հիմնական ռեսուրսներն ուղղում էր տարեցների սոցիալական ու նյութական կարիքները բավարարելուն, ապա այսօր տարեց բնակչության պահանջմունքների շրջանակը դիտարկվում է ավելի բազմաշերտ և բազմազան: Այս համատեքստում մենք խնդիր ունենք փոխելու տարեցների նկատմամբ մեր մարտավարությունը. մինչ այժմ առաջնահերթ համարվող տարեցների սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում կատարել (պահպանելով, իհարկե, ըստ անհրաժեշտության, նաև այդ բաղադրիչը) դեպի առողջ և ակտիվ կենսակերպ վարելով ծերացմանն ուղղված գործողությունների իրականացման, և խնամքի ավանդական հաստատություններից՝ դեպի համայնքային ծառայությունների: Վերջինս կնպաստի մարդկանց ֆիզիկական, սոցիալական և մտավոր ներուժի շարունակական զարգացմանը և ինտեգրմանը հասարակական կյանքին և որշումների կայացմանը: