Ամուլսարի հարցը՝ Հանրային խորհրդի աշխատանքային նիստի օրակարգում

Հանրային խորհրդում Ամուլսարի հարցով ձևավորված աշխատանքային խումբը նոյեմբերի 22-ին հերթական աշխատանքային նիստն է անցկացրել, որին մասնակցել են ոլորտի փորձագետներ։

Աշխատանքային խմբի նախորդ նիստում որոշվել էր նամակներ ուղղել ՀՀ առողջապահության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություններ, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե, «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ՝ վիճակագրական տվյալներ ու տեղեկություններ ստանալու բնակչության շրջանում առողջապահական իրավիճակի, Ամուլսարի հանքավայրում ոսկեբեր քվարցիտների և ուղեկցող մետաղների պաշարների, շրջակա միջավայրի ճառագայթային մոնիտորինգի արդյունքների, ինչպես նաև Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցում նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ։

Նիստի ընթացքում քննարկվել են պետական մարմինների կողմից ներկայացված տվյալներն ու տեղեկությունները, փորձագետներին հանձնարարվել է լրացուցիչ ուսումնասիրել ձեռք բերված տեղեկատվությունը և հաջորդ նիստին ներկայացնել իրենց տեսակետը։

Աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա տասն օրվա ընթացքում։

Մինչև դեկտեմբերի 10-ը աշխատանքային խումբն իր ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնի Հանրային խորհուրդ, որից հետո խորհուրդը կներկայացնի դիրքորոշում Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 4-ին Ամուլսարի հանքավայրի հիմնախնդրի վերաբերյալ Հանրային խորհուրդը փակ նիստ էր անցկացրել, որին մասնակցել էին ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ արդարադատության նախարարությունների պաշտոնյաներ, բնապահպաններ, երկրաբաններ, ջրային ռեսուրսների, առողջապահության և հարակից այլ ոլորտների մասնագետներ։

Որոշվել էր Հանրային խորհրդում ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն ոլորտի մասնագետներ, և խնդիրը համակողմանիորեն ուսումնասիրելուց, բոլոր կողմերի ներկայացրած փաստերն ու հետազոտությունների արդյունքները վերլուծելուց հետո կձևավորվեր Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ Հանրային խորհրդի դիրքորոշումը։

Աշխատանքային խմբի համակարգողն է ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը: Աշխատանքային խմբում ներգրավված են Հանրային խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Լարիսա Ալավերդյանը, Լևոն Գրիգորյանը, Վարդան Համբարձումյանը, Արսեն Ղազարյանը և Կորյուն Առաքելյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել