Դատավորը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, փաստաբանը՝ 2․ կաշառք ստանալու գործով դատավճիռը հրապարակվեց

Կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվեց 7 տարվա, իսկ կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանը` 2 տարվա ազատազրկման։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատակազմից։

«Դատարանը վճռեց ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 1 միլիոն 714 հազար 160 դրամը, որը պետք է կրի Արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում` պատժի սկիզբը որոշելով 2019 թվականի մարտի 28-ը»,-նշված է դատավճռի եզրափակիչ մասում։

Դատավճիռը ուժի մեջ կմտնի 1 ամիս անց։

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար Գագիկ Հեբոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար Վահագն Դանիելյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Գ. Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Վ. Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը 08.05.2019թ.-ին փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել