Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբ

Ազգային ժողովի պատգամավորներ Մերի Գալստյանը և Լենա Նազարյանը առաջարկում են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարել:

Նախագծով նախատեսվում է սահմանել համայնքում կենդանիների պաշտպանությունը և համայնքի ղեկավարի լիազորությունները կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում.

  • Համայնքի ղեկավարը կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում կիրականացնի հետևյալ սեփական լիազորությունները,
  • համաքաղաքային կանոններին համապատասխան` կտա քաղաքի տարածքում տնային կենդանիներ պահելու թույլտվություն և կկատարի դրանց ամենամյա հաշվառում,
  • կիրականացնի համայնքի տարածքում պահվող կենդանիների նույնականացման անձնագրերի տրամադրում և կաջակցի  անասնաբուժական գրանցամատյանների աշխատանքների վարմանը,
  • կկազմակերպի համայնքի տարածքում թափառող կենդանիների բռնման և ստերջացման աշխատանքները,
  • սահմանված կարգով կտրամադրի թույլտվություններ կենդանիների բուծարաններին և կացարաններին,
  • կսահմանի համայնքի տարածքում անկած կենդանիների դիակների հավաքման, ոչնչացման և թաղման վայրերը՝ սահմանված սանիտարահիգիենիկ կանոններին համապատասխան:

Համայնքի ղեկավարը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների պահպանման նկատմամբ  պետական վերահսկողության բնագավառում կիրականացնի հետեւյալ սեփական լիազորությունները.

  • «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կանոնակարգող իրավական ակտերի մշակում  և իր  իրավասության սահմաններում դրանց հաստատում,
  • օրենքով սահմանված կարգով կիրականացնի վերահսկողություն և ստուգումներ կենդանիների պահման բոլոր վայրերում,
  • կենդանի տիրապետողից կպահանջի  և կստանա կենդանի պահելուն առչնվող ցանկացած տեղեկատվություն, բացատրություններ և փաստաթղթեր,
  • կկազմի «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների խախտումների արձանագրությունները,
  • խախտումների մասին եռօրյա ժամկետում կտեղեկացնի իրավապահ մարմիններին, միաժամանակ կձեռնարկի միջոցներ իրավախախտումը կանխելու համար,

Նախատեսվում  է, որ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտումը  կառաջացնի տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 50 հազարից մինչև 200 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ`100 հազարից մինչև 300 հազար դրամի չափով:

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը կպատժվի տուգանքով` 100 հազարից մինչև 300 հազար դրամի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել