Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը, ստանալով իրավասու մարմինների կողմից ներկայացված եզրակացությունները, քսան աշխատանքային օրվա ընթացքում իր հերթին պետք է կազմի դրական կամ բացասական եզրակացություն և ուղարկի համապատասխանաբար` բացասական եզրակացությունները Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, իսկ դրական եզրակացությունները կներկայացվեն ՀՀ վարչապետին։
ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ բացասական եզրակացությունները ստանալուց հետո Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը դրանք կքննարկեն տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում` հանձնաժողովի ղեկավարի կողմից հրավիրվող նիստերում։ Քննարկման արդյունքում կկազմեն ամփոփ խորհրդատվական եզրակացություններ և ՀՀ ոստիկանության կազմած եզրակացությունների հետ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կներկայացվեն ՀՀ վարչապետին։
Օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում ՀՀ վարչապետն իրավասու կլինի փոփոխել իր կողմից ՀՀ Նախագահին ներկայացված առաջարկությունը և ներկայացնել նոր առաջարկություն:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների ավելի կարճ ժամկետում քննարկումը և Նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու ընթացակարգի իրականացումը: