Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակն է ՀՀ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման, էսկորտ ուղեկցման, ինչպես նաև ավտոտրանսպորտային շարասյուների երթևեկության անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունները կանոնակարգելը:
Նախատեսվում է, որ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների, ուղեկցումը և անհրաժեշտության դեպքում` նաև այլ տրանսպորտային շարասյուների երթևեկության անվտանգությունը կապահովվի`Հայաստանի ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պարեկային ավտոմոբիլներով:
Երևան քաղաքում և մարզերում հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցումը և էսկորտ ուղեկցումն կիրականացվի պահպանության ծառայության և պետավտոտեսչության համատեղ ուժերով ու միջոցներով՝ ընթացքում ապահովելով համագործակցությունը` տրանսպորտային միջոցների շարժման երթուղիների, նախատեսված երթուղով դրանց անցման մասին տեղեկությունների հաղորդման հետ կապված հարցերով:
Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման վերաբերյալ կապի միջոցներով տրված հանձնարարականները կարձանագրվի և կձայնագրվի ճանապարհային ոստիկանության հերթապահ մասերում:
Պետավտոտեսչության հերթապահը ոստիկանության, պետավտոտեսչության կամ պահպանության ծառայության ղեկավարներից ստանալով տեղեկություն հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների երթևեկության և երթուղու մասին, պետք է տեղյակ պահի պետավտոտեսչության ճանապարհապարեկային ծառայության համապատասխան շարային ստորաբաժանումների ղեկավարներին և հետագայում իրականացնի հսկողություն այդ խնդիրների կատարման նկատմամբ: