Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկման է ներկայացրել «Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի հիմնական նպատակն է՝ նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները, որոնք փաստաթղթում ներկայացված են ըստ առանձին ոլորտների։
Ծրագրի կառուցվածքում առանձին ներկայացված են քաղաքային տնտեսության ոլորտները և Երևանի վարչական շրջանները։ Յուրաքանչյուր բաժին հիմնականում բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝ «Վիճակի բնութագիր», «Հիմնախնդիրներ» և «Ծրագրերի անձնագրեր»:
2020 թվականի ծրագրերն ու միջոցառումները կազմվել են՝ հիմք ընդունելով առկա հիմնախնդիրները և ֆինանսական հնարավորությունները։ Ծրագիրն ուղղված է քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների՝ ժամանակի պահանջներին համահունչ զարգացմանը:
Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի ոլորտներն են. քաղաքաշինություն և ճարտարապետություն, արտաքին ձևավորում և գովազդ, շինարարություն և բարեկարգում, առևտուր և սպասարկում, կոմունալ տնտեսություն, տրանսպորտ, հանրակրթություն, բնապահպանություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, ֆիզիկական կուլտուրա և սպորտ, երիտասարդության հետ տարվող աշխատանքներ, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտ, մշակույթ, միջազգային համագործակցություն, զբոսաշրջություն, խելացի Երևան: Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրում ներկայացված են նաև Երևանի քաղաքի 12 վարչական շրջանների տարեկան ծրագրերը: