Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Վազգեն Մանուկյանին ժամանակավորապես կփոխարինի Յուրի Ջավադյանը

Ինչպես արդեն հայտնել ենք, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել։ Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2009 թվականից։

2009 թվականին ՀՀ նախագահի կողմից նշանակվել է Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի նախագահ: 2019 թ․ ապրիլի 4-ին ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության կողմից վերանշանակվել է Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում։

«Հանրային խորհրդի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանվում է, որ Հանրային խորհրդի նախագահը ղեկավարում է Հանրային խորհրդի գործունեությունը, հրավիրում և վարում է Հանրային խորհրդի նիստերը, Հանրային խորհրդի անունից ստորագրում է պետական մարմիններին, պաշտոնատար կամ այլ անձանց հասցեագրվող գրությունները, ապահովում է Հանրային խորհրդի բնականոն գործունեությունը:

Հոդվածի 4-րդ կետի համաձայն, Հանրային խորհրդի նախագահի բացակայության կամ պարտականությունները ժամանակավորապես կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանրային խորհրդի անդամներից մեկը` Հանրային խորհրդի նախագահի որոշմամբ: Նման որոշման բացակայության դեպքում Հանրային խորհրդի նախագահին փոխարինում է Հանրային խորհրդի տարիքով ավագ անդամը:

Իրավաբան.net-ը փորձեց կապ հաստատել Հանրային խորհրդի գրասենյակի պատասխանատուի, մամուլի հարցերի համակարգողի հետ, Հանրային խորհրդի նախագահի օգնականի հետ, սակայն նրանք չպատասխանեցին հեռախոսազանգերին։

Այս պահին Հանրային խորհրդի տարիքով ավագ անդամը Յուրի Ջավադյանն է, նա ծնվել է 1939 թվականին։ Ի պատասխան մեր հարցին, թե արդյո՞ք նրան զգուշացրել են ՀԽ նախագահի պաշտոնում որպես փոխարինող նշանակվելու մասին, Յուրի Ջավադյանը հայտնեց․ «Ինձ ոչ ոչ ոչինչ չի զգուշացրել, իսկ վաղը գնալու եմ մարզ»։ Նա նաև նշեց, որ երբ Վազգեն Մանուկյանը գտնվել է արձակուրդում, նրա իսկ որոշմամբ ՀԽ նախագահին փոխարինել է Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։

Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ դոցենտ է, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ։ Անդամակցում է մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների և հանձնաժողովների։

Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն ևս ոչինչ չի զգուշացվել նախագահի պաշտոնում փոխարինող նշանակվելու մասին։  «Հրաժարականն անսպասելի էր, քիչ առաջ եմ իմացել դրա մասին»,-հավելեց նա։

Հավելենք նաև, որ «Հանրային խորհրդի մասին» օրենքի 2-րդ կետի 1-ին մասի համաձայն, Հանրային խորհրդի 15 անդամ նշանակվում է կառավարության կողմից, որոնց թվում եղել է նաև Վազգեն Մանուկյանը։

Որից հետո, վարչապետը՝ նրանց համաձայնությամբ, Կառավարությանն է առաջարկում Հանրային խորհրդի թափուր տեղի անդամի թեկնածությունները: Կառավարությունը, վարչապետի առաջարկությունը ստանալուց հետո իր առաջիկա նիստում քննարկման է դնում անդամի նշանակման հարցը:

15 անդամների կազմի լրացումից հետո միայն, վարչապետը բոլոր 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացնում է Կառավարություն: Այնուհետև Կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկում է Հանրային խորհրդի նախագահ նշանակելու հարցը:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել