1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի հետ հանդիպման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումները գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների ստուգման նպատակով: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան։
«Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ցմահի անջատված մասով քննությունը վերսկսելու համար նոր հանգամանքների առկայություն է անհրաժեշտ, որոնք այս պահին Դատախազությանը հայտնի չեն։ Քրեական դատավարության օրենսդրությամբ նման պարագայում նոր վարույթ կարող է հարուցվել միայն նոր երևան եկած հանգամանքի առկայության դեպքում»,- նշեց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարվեց հարձակում՝ հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ:
Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերևարվել։
Հոկտեմբերի 27-ի գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:
Օրերս ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 24-ին առանձնազրույց է ունեցել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ, որի հետ քննարկել է տարբեր հարցեր, այդ թվում Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող։
Հանդիպումը տևել է մոտ 2,5 ժամ: