Աշխատանքային պայմանագրի լուծումը՝ կազմակերպության լուծարման դեպքում

Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերից է կազմակերպության լուծարումը (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու դեպքերը):

Տվյալ պարագայում գործատուն  իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը:

Կազմակերպության լուծարման հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում՝ գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով:

Կազմակերպության լուծարման կամ աշխատողների թվաքանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան երկու ամիս առաջ` մինչև աշխատանքային պայմանագրերը լուծելը, ազատվող աշխատողների թվաքանակի մասին տվյալները (ըստ մասնագիտությունների և սեռատարիքային կազմի) ներկայացնել զբաղվածության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին և աշխատողների ներկայացուցչին, եթե նախատեսվում է երկու ամսվա ընթացքում աշխատանքից ազատել աշխատողների ընդհանուր թվի ավելի քան տասը տոկոսը, սակայն 10 աշխատողից ոչ պակաս (զանգվածային ազատումներ): Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով և սեզոնային աշխատանքային պայմանագրով աշխատողների ազատման դեպքերը, եթե դրանք կատարվել են առանց պայմանագրերում նշված ժամկետների խախտման, աշխատողների զանգվածային ազատումներ չեն համարվում:

Սա կարգավորվում է Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի, 129-րդ հոդվածի 1-ին կետի և 116-րդ հոդվածի համաձայն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել