Որոշումն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանն է․ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» մերժել են Արման Բաբաջանյանի առաջարկը

Ինչպես արդեն հայտնել էինք, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը շրջանառության մեջ էր դրել նախագիծ՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից ՍԴ նախագահին ներկայացվող անհամատեղելիության պահանջը խախտելու հիմքով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Սահմանադրական Դատարան դիմելու մասին:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը իրավական տեսանկյունից խոցելի հիմնավորմամբ մերժել էր պատգամավորի նախաձեռնությանը միանալու առաջարկը:

«Այսօր գրեթե նույնաբովանդակ պատասխան-գրություն եմ ստացել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, որում, հղում անելով օրենքի՝ մի քանի վիճելի ու մեկնաբանելի դրույթների, «Լուսավոր Հայաստանը» տեղեկացնում է, որ չի միանում իմ օրենսդրական նախաձեռնությանը:

Առանց խորանալու «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած մերժման հիմնավորումների մեջ՝ նշեմ, որ այդպիսով ԱԺ ընդդիմադիր խմբակցությունը լեգիտիմացնում է ապօրինի ճանապարհով ՍԴ նախագահ դարձած Հրայր Թովմասյանի հակաօրինական վարքագիծը:

«Իմ քայլը» խմբակցության պատասխանը ստանալուն պես կներկայացնեմ նաև իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը խնդրո առարկայի վերաբերյալ:

Արձանագրեմ միայն, որ եթե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը կարելի էր հասկանալ ու բացատրել ինչ-ինչ հանգամանքներով, ապա միանգամայն տարակուսելի ու մտորելի է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության նման վարքագիծը, որի անդամները մի կողմից՝ հայտարարում են Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ դեմ են արտահայտվում այդ նպատակն իրագործելու հնարավորություն տվող օրինագծին:

Նախագիծ, որը գուցե Հայաստանում սահմանադրական ճգնաժամի հաղթահարման միակ իրավական հնարավորությունն է այս պահին»,-նշել է Արման Բաբաջանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել