Ինչպես արդեն հայտնել էինք, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը շրջանառության մեջ էր դրել նախագիծ՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից ՍԴ նախագահին ներկայացվող անհամատեղելիության պահանջը խախտելու հիմքով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Սահմանադրական Դատարան դիմելու մասին:
Պատգամավորը հայտնում է, որ օրինագծին քաղաքական աջակցություն ստանալու նպատակով դիմել էր Ազգային ժողովի երեք խմբակցությունների՝ «Իմ քայլը» խմբակցության, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարներին՝ ակնկալելով նրանց դրական պատասխանը:
«Այսօր ստացել եմ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատասխանը, որով տեղեկացվում է, որ խմբակցությունը չի միանում իմ ներկայացրած նախագծին: Որպես իմ դիմումը մերժելու հիմնավորում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է այն իրողությունը, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային Ժողովի համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկվել է Սահամանդրական դատարան: Այս փաստարկն, իհարկե հիմնազուրկ է, քանի որ ԱԺ հայտնի որոշումն ունի միագամայն այլ փաստական հիմքեր և հիմնավորումներ, մինչդեռ իմ ներկայացրած նախագիծը պարունակում է բոլորվին այլ իրավական հիմքեր:
Այդուհանդերձ, ես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումն ընդունում եմ ի գիտություն՝ սպասելով ԱԺ մյուս երկու խմբակցությունների՝ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների արձագանքին, որի մասին կտեղեկացնեմ հաջորդիվ»,-նշել է նա։