Այսօր՝ հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի ղեկավար հանձնաժողովի երրորդ՝ վերջին նիստը:
Նիստին քննարկվում էր ԿԵՀ ծրագրի շուրջ 3 տարի կատարված աշխատանքները:
Ներկա էին ծրագրային կոնսորցիումի անդամները, ծրագրի ղեկավար հանձնաժողովի անդամները, ծրագրի ղեկավար հանձնաժողովի դիտորդները` ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհառու կոալիցիաների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը:
«Կառավարության և քաղաքացիական հասարակության ձայնը համատեղ հնչելու դեպքում ավելի ուժեղանում է: Պետք է դառնաք ավելի ուժեղ գործընկերներ՝ կառավարության և մեզ համար, որպեսզի ներգրավեք Հայաստանում բարեփոխումների գործընթացին»,-ասաց նա:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը շնորհակալություն հայտնեց Եվրամիության օժանդակության, ինչպեսև մյուս բոլոր կազմակերպություններին՝ համագործակցության համար:
«Այսօրվա մեր նիստով ծրագիրը չի ավարտվում, ընդհակառակը, դրվում է նոր ծրագրերի, նոր համագործակցությունների սկիզբը: Մենք շատ տպավորված ենք այն համագործակցությունից, այն նոր մոտեցումներից, որը մեր գործընկերները ներդրեցին այս ծրագրի դռներից ներս ու ստեղծեցին այնպիսի աշխատանքային մթնոլորտ, որտեղ նարավոր է համախմբվել, որտեղ հնարավոր եղավ ձեռք ձեռքի բռնել ու լուրջ արդյունքներ գրանցել»,-ասաց Արմեն Գալստյանը:
ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց ՝ 2019 թ․ ապրիլի 1-ից հոկտեմբերի 9-ը գրանցած արդյունքները: Նա նշեց, որ ծրագրի իրականացման ընթացքում փոխվել են երեք կառավարություններ, դրա հետևանքով համապատասխան փոփոխություններ են կատարվել ոլորտային նախարարությունների ղեկավար կազմերում, տարածքային կառավարման մարմիններում, սակայն չնայած առաջացած այս դժվարություններին, ծրագիրը հիմնականում իրականացրել է իր առջև դրված հիմնական և առաձնահատուկ նպատակները: Թվարկելով խրագրի շրջանակներում ձեռք բերված մի շարք արդյունքներ, Կարեն Զադոյանը նշեց, որ ծրագիրը էապես ազդել է Հայաստանի Հանրապետությունում անցումային արդարադատության, հակակոռուպցիոն, դատաիրավական, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հաշվետվողականության և թափանցիկության ապահովման, ինչպես նաև ծրագրի թիրախ այլ ոլորտների հանրային քաղաքականությունների մշակման և բարելավման վրա` այդ թվում նաև ծրագրի շրջանակներում ձևավորված և/կամ զարգացված ՔՀԿ-ների կոալիցիաների/ցանցերի կարողությունների զարգացման միջոցով:
Նա նշեց նաև, որ հոկտեմբերի 15-ին կկայանա ծրագրի ամփոփիչ միջոցառումը, տեղի կունենա նաև Կառավարություն-ՔՀԿ կառուցողական երկխոսության թեմայով համաժողով: «Շատ հետաքրքիր միջոցառում է սպասվում, որի ժամանակ բոլորը հնարավորություն կունենան ներկայացնել իրենց կողմից ԿԵՀ ծրագրի շրջանակներում ունեցած արդյունքները»,-նշեց ԿԵՀ ծրագրի ղեկավար:
Ծրագրի շրջանակներում ձևավորված և/կամ զարգացած 9 կոալիցիաներից 8-ի՝ Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի, Հայկական բիզնես կոալիցիայի, Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիայի, Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի, «ՀամաԶարԿ» կոալիցիայի, «Հայաստանի գյուղատնտեսական դաշինք» կոալիցիայի, Հայկական կրթական ցանցի և «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի ներկայացուցիչները ներկայացրին իրենց կողմից գրանցված ծրագրային արդյունքները:
Սեփական հաջողության պատմությունները ներկայացրին նաև «Համայնքի զարկերակ» ՀԿ նախագահ և «Վարդենիկ համայնքի նոր զարգացման ծրագիր. Տուրիզմ և գյուղատնտեսություն» ծրագրի ղեկավար Արտուշ Խաչատրյանը՝ և «Աշխատողների իրավունքների պաշտպանության մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Բելլա Շիքարյանը:
Հավելենք, որ նիստին որպես դիտորդ մասնակցող Տաթև Մսրյանը, ով ներկայացնում էր Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի «ՔՀ կամուրջ» ծրագիրը (գործարկվում է Եվրասիա համագործակցության հիմադարմի գործընկերությամբ և Եվրամիության կողմից ֆինանսավորմամբ), նշեց ծրագիրի շրջանակներում արդեն իսկ գրանցված արդյունքները:
Նիստի ավարտին բոլոր ներկաների մասնակցությամբ քննարկում տեղի ունեցավ:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։