Ամբաստանյալի եղունգների տակ առկա է եղել տուժողի հագուստի մանրաթելերը

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց թոշակառու Ռոզա տատին սպանելու մեջ մեղադրվող Հ. Հարությունյանի քրեական գործով վկաների հարցաքննությունը: Հ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 16.06.2012թ. ժամը 21:00-ի սահմաններում գնացել է Լալայան փողոցի 123/050 տնակ, որտեղ նույն տնակի բնակչուհի Ռ. Խաչատրյանի հետ վիճաբանության ընթացքում, խոհանոցային դանակով տասը հարվածներ է հասցրել վերջինիս կրծքավանդակի և որովայնի հատվածում և դիմել է փախուստի: Ռ. Խաչատրյանը հարևանների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ընդունարանում մահացել է:

 

Դատարան դատակոչված վկաները նույն թաղամասի բնակիչներ էին, ովքեր տեղեկություն էին հայտնում սույն քրական գործի հանգամանքների վերաբերյալ: Դատավարության կողմերի միջնորդությամբ դատարանը որոշեց դադարեցնել վկաների հարցաքննությունը և փոխարենը առաջարկեց հրապարակել դատակոչված վկաների նախաքննական ցուցմունքները:

 

Քրեական դատավարության ընթացակարգի համաձայն` վկաների նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո հրապարակվեց գործում առկա փաստաթղթերը և ապացույցները:

 

Մասնավորապես, ուշադրության ենթակա է դատաքիմիական փորձաքննության եզրակացությունն այն մասին, որ ամբաստանյալ Հ. Հարությունյանի թե հագուստի վրա, և թե եղունգների տակ առկա է եղել   տուժողի հագուստի մանրաթելերը: Դատարանում սույն գործի առնչությամբ կատարված մի շարք փորձաքննությունների եզրակացությունների ընթերցումից անհերքելիորեն պարզ դարձավ, որ ամբաստանյալ Հ. Հարությունյանն է սպանել տուժողին, չնայած որ վերջինս ևս խոտովանել և չէր հերքում այդ փաստը:

 

Դատարանը հրապարակեց նաև ամբաստանյալի նկատմամբ կատարված դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությունների եզրակացությունները: Մասնավորապես այն մասին, որ վերջինս մոտ առկա է մտավոր հետամնացություն և աֆեկտիվ անկայունություն, սակայն իրեն մեղսագրվող արարքում ճանաչվել է մեղսունակ, այսինքն` գիտակցել է իր արարքի հանրության համար վտանգավոր բնույթն ու  աստիճանը, նախատեսել է դրա վտանգավոր հետևանքները:

 

Ապացույցները հետազոտելուց հետո դատարանը անցավ դատական վիճաբանությունների փուլ, սակայն մեղադրողը և ամբաստանյալի պաշտպանը դատարանից ժամանակ խնդրեցին, որպեսզի նախապատրաստվեն ճառին:

 

Նշենք նաև, որ դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդը քաղհայցի հիմքով դիմում ներկայացրեց դատարանին` պահանջելով ամբաստանյալից հօգուտ վերջինիս բռնագանձել 1,700.000 ՀՀ դրամ` որպես հուղարկավորության, արարողությունների և գերեզմանի կառուցապատման գումար: Սակայն դատարանը մերժեց այն, քանի որ դիմումը ներկայացվել էր ոչ պատշաճ: Դատարանը բացատրեց տուժողի իրավահաջորդին, որ վերջինս չի կորցնում իր քաղհայցով ներկայանալու իրավունքը, վերապահելով այն ներկայացնել քաղաքացիաիրավական հիմունքներով:

 

Դատական նիստն հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 1-ին, ժամը 12:00-ին:

 

 

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան

Աղբյուրը` Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել