Սեպտեմբերի 27-ին կայացավ «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողովը, որը կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ:
Եվրամիությունը խիստ կարևորում է քաղհասարակության մասնակցությունը՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացներին, ներառյալ դատական, ինչպեսև՝ հակակոռուպցիոն ոլորտը։ Այս մասին համաժողովին՝ բացման իր խոսքում ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը՝ նշելով, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի դատական ոլորտում տեղի ունեցող զարգացումներին՝ ներառյալ արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի և Մարդու իրավունքների վերաբերյալ հատուկ դրույթների իրականացմանը, և արդեն իսկ փորձագիտական աջակցություն է ցույց տալիս այս գործընթացին: «Հատկապես կարելի է առանձնացնել այն դրական միտումը, որն ուղղված է բարեփոխումների խթանման հարցում կառավարության հանձնառությանը, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի առումով»,-նշեց Անդրեա Վիկտորինը:
Նոր ռազմավարության, դրա խնդիրների ու բացերի մասին պետք է անկեղծ խոսել. քննարկման սկզբում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ԿԵՀ ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը: «Մենք այս ռազմավարությունները ուղղակի դիտել ենք որպես փաստաթղթեր, որոնք ուղղակի պետք է կատաարվեն, բայց այսօր եկել է այն ժամանակը, որ այդ ռազմավարությունները պետք է լինեն մարդակենտրոն, արժեք ստեղծեն մարդու համար: Տարիներ շարունակ Հայաստանից մեծ արտագաղթը կապված է եղել ոչ միայն սոցիալական խնդիրների, այլ հիմնականում նաև արդարության բացակայության հետ»,-նշեց նա:
«Հնարավոր չէ մեր սկզբունքային ծրագիրը կյանքի կոչել, եթե այս գործընթացում չլինի բոլորի մասնակցությունը: Մենք կարող ենք շատ հարցերում ունենալ տարընկալումներ, տարբեր կարծիքներ, սակայն ընդհանուր ուղղությունների մասով պետք է ունենանք մեկ միասնական կարծիք և ես կարծում եմ, որ այս ներառական քննարկումները՝ քաղհասարակության ներկայացուցիչների հետ, միտված են այդ նպատակին». ողջույնի իր խոսքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի խոսքով, ԲԴԽ-ն կարևորում է նման ձևաչափով քննարկումները. «Գտնում ենք, որ ԲԴԽ-ի կողմից որդեգրված քաղաքականությունը՝ շփվել հասարակության հետ պարզ, թափանցիկ և անկաշկանդ մեթոդով, համապատասխանում է այսօրվա հավաքի ձևաչափին»,-նշեց նա:
«Այն սկզբունքներն ու գաղափարները, որոնք ընկած են փաստաթղթի հիմքում, ընդունելի ու ընկալելի են բոլորի՝ այդ թվում իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար»,- ասաց գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը՝ նշելով, որ փաստաթղթում առկա առանձին դրույթներ դեռևս քննարկման առարկա պետք է դառնան:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն էլ նշեց, որ 2016 թվականի համեմատ 2019 թվականի առաջին կիսամյակի տվյալներով, ՔԿ-ում քրեական գործերի աճը գրեթե կրկնակի է եղել, ինչն էլ իրավական համակարգում և՛ իրավական, և՛ բովանդակային փոփոխությունների կարիք է առաջացնում: «Սրանով պայմանավորված, ողջունում եմ ռազմավարության մեջ տեղ գտած բազմաթիվ այն դրույթները, որոնք ուղղված են կարգավորելու նշված խնդիրները»,-ասաց Արսեն Այվազյանը:
«Դատական համակարգը, ի տարբերություն գործադիր և օրենսդիր իշխանությունների, պետք է առավել կայուն լինի: Սահմանադրությունը գործիքներ չի տալիս՝ քաղաքական փոփոխություններով պայմանավորված, փոխել նաև դատական իշխանության պաշտոնատար անձանց, որովհետև ամեն փոփոխություն կունենա իր հետևանքները, որի տուժողը լինելու է շարքային քաղաքացին»,- ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ դատական համակարգում թե՛ հին, թե՛ նոր խնդիրներ կան:
Համաժողովին մասնավորապես քննարկվեցին անցումային արդարադատության գործիքակազմի, հանրության շրջանում դատական համակարգի վստահելիության բարձրացման, դատական համակարգի հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավման, իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցեր:
Առաջին թեմատիկ քննարկումը «Անցումային արդարադատություն. անցումային արդարադատության գործիքակազմը՝ որպես ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության մաս» խորգրով էր: Այն վարում էր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը:
Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը ներկայացրեց անցումային արդարադատության գործիքակազմերից մեկի՝ փաստահավաք հանձնաժողովի ստեղծման նախագծված տարբերակաները:
«Հանձնաժողովի անդամների ընտրության մեխանիզմները ներդնելիս մենք հստակ նշել ենք, որ պետք է բացառվի ոչ միայն հիերարխիկ կամ ինստիտուցիոնալ կապերի առկայությունը, այլև պետք է ապահովվեն քաղաքական ազդեցություններից թեկնածուների գործանական անկախության երաշխիքներ: Հանձնաժողովի անդամների ընտրությունը, մենք հստակ նշել ենք, որ Ազգային ժողովի կողմից է իրականացվելու՝ ապահովելով նաև ընդդիմության կողմից որոշումների վրա ազդելու հնարավորությունն՝ ընտրության գործընթացում: Այս հարցերը թերևս ամենազգայունն էին մեր գնահատմամբ՝ նախորդ շաբաթների քննարկումների արդյունքում»,-նշեց Աննա Վարդապետյանը:
Անցումային արդարադատության հարցերով Հարվարդի համալսարանի Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոնի նախկին գիտաշխատող Արտյոմ Գեղամյանը ներկայացրեց անցումային արդարադտության մեկ այլ գործիքակազմի՝ իրավունքների վերականգնման մասին՝ նշելով նաև, թե արդյո՞ք անցումային արդարադատության վերաբերյալ մեխանիզմները կոնվենցիոնալ դատաիրավական բարեփոխումների մաս են, թե՝ ոչ և արդյո՞ք դրանք մեթոդաբանական իմաստով պետք է տեղ գտնեին այդ փաստաթղթում, թե՝ ոչ:
«Երբ մենք սկսեցինք անցումային արդարադատության վերաբերյալ դեբատը, մենք փորձում էինք հասկանալ, ի՞նչը պետք է հանդիսանա արնցումային արդարադատության առարկա, կամ միգուցե դրանից առաջ փորձում էինք հասկանալ՝ արդյո՞ք կա անցումային արդարադատության անհրաժեշտություն, թե՝ ոչ: Ես հասկանում եմ, որ նախագիծը մշակողների մոտ անցումային արդարադատության անհրաժեշտությունը պայմանավորվում է այն ենթադրությունից, կամ այն պնդումից, որ ՀՀ-ում տեղի են ունեցել մարդու իրավունքների պարբրական և զանգվածային խախտումներ: Այո, ՀՀ-ում տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, դրանք արձանագրված են միջազգային փաստաթղթերում»,-ասաց Արտյոմ Գեղամյանը:
«Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ անցումային արդարադատություն իրականացնելուհամար մի քանի նախապայմաններ են պետք և դրանցից առաջինը հանրային մեծ իրազեկումն է, այսինքն՝ քաղաքացին պետք է իմանա անցումային արդարադատություն ի՞նչ է տալու իրեն և երկրորդ՝ տեղական փորձագետների ներգրավմամբ քննարկումների կազմակերպումն է: Սա վրացական անցումային արդարադատությունից քաղված դասերն են, և մենք իրավունք չունենք նույն սխալները կրկնել»,-ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ԿԵՀ ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը՝ ներկայացնելով անցումային արդարադատության պատասխանատվության անխուսափելիության գործիքակազմը:
Երկրորդ թեմատիկ քննարկումը հանրության շրջանում դատական համակարգի վստահելիության բարձրացման խորագրով էր: Քննարկումը վարում էր Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը՝ անդրադառնալովՔաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխումներին և Վարչական արդարադատության և վարչական վարույթի արդյունավետության բարձրացմանը, ինչպեսև դատական անկախության և անաչառության ապահովմանը՝ նշեց, որ եթե դատական համակարգում բացասական գնահատականներ են հնչում, դա ողջ համակարգին չի վերաբերում, քանի որ կան փայլուն մասնագետներ, որոնցից իրավաբանները, փաստաբանները գոհ են լինում: «Երևի մշտական գործընթաց է անընդհատ վերանայել, կատարելագործել նյութական և դատավարական օրենսդրությունը: Այնուամենայնիվ մեր երկրում որոշ ոլորտներ առաջ են անցել, որոշ ոլորտներ կատարելագործվել են կամ բարեփոխումներ կատարել են մի քիչ ավելի առաջանցիկ տեմպերով, որոշ ոլորտներ ավելի հետ են մնացել: Մեր պլանավորած փաստաթղթում նախատեսված է Քաղաքացիական օրենսգրքի կատարելագործմանն ուղղված գործողություններ, նոր ընդուվնած Քաղաքացիական դատավարության օրենսգրքում բարձրացված հարցերի վերաբերյալ փոփոխությունների փաթեթի մշակում և ներկայացում, ինչպես նաև ցանկանում ենք խթանել վարչական վարույթի իրականացումը և վարչական դատավարության մինչև դատարան հասնելու պրոցեսին՝ վարչական բողոքարկման ինստիտուտի կատարելագործումը»,-ասաց փոխնախարարը:
Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը համաժողովին խոսեց դատարանների գործունեության արդյունավետության բարձրացման և դատական համակարգի հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավման մասին: Նա նշեց, որ նախևառաջ պետք է ամրապնդվի հանրություն-դատական համակարգ կապը: «Լրագրողն ականջն է հանրության, և երբ դատական նիստից հետո նա փորձում է դատավորի հետ հարցազրույց ունենալ, դատարանն ասում է՝ կներեք, բայց չեմ կարող: Ի՞նչ պետք է անի լրագրողը՝ պետք է կողմերից հարցազրույց վերցնի: Հիմա կախված, թե ո՞ր կողմին կդիմի՝ դրա հետ մեկտեղ հանրությանն է տեղեկացնում այն, ինչ-որ լսեց: Գտնում եմ, որ առաջին հերթին մենք պետք է հասնենք նրան, որ դատական համակարգի և հանրության միջև պետք է կապ ձևավորենք: Տեսանելիթյան բարձր մակարդակ պետք է լինի»,-ասաց դատավորը:
Դատական անկախության և անաչառության ապահովման, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական համակարգի ստեղծման մասին խոսեց փաստաբան Տիգրան Եգորյանը: Փաստաբանը նշեց. – «Այսօր մենք ունենք լրջագույն կատակլիզմներ արդարադատության իրականացման գործընթացում՝ վերջի 10-15 տարիների ընթացքում, որոնց վերաբերյալ Եվրոպական դատարանը պետության դեմ որոշումներ է կայացնում և այդ որոշումների բովանդակությունը շատ խորը ձևով հարվածում է դատական համակարգի անկախության հարցին, անկախութան միֆին: Ըստ էության, այդ վճիռների բովանդակությունը բացահայտում է մեզ, դատական համակարգի այնպիսի ազդեցությունների ներքո գործունեության փաստը, որը հանգեցրել է մեզ այսօր պետության բռնազավթման, կամ գործիք է եղել պետության բռնազավթման արդյունատության բարձրացման»:
Երրորդ թեմատիկ քննարկումը Իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացման մասին էր: Քննարկումը վարում էր ՀՀ հանրային խորհրդի անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը:
ՀՀ դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ Գրիգոր Ամիրյանը՝ անդրադանալով դատախազության համակարգի բարեփոխումներին, նշեց ուժային կառույցների, փորձագիտական հիմնարկների հետ աշխատանքի մանրամասների մասին: «Ռազմավարությունում խոսվում է նաև դատավորի օգնականի մասին, ես կցանկանակի, որ եթե դա պահպանվեր՝ ապա տարծվեր նաևդատախազության և քննչական մարմինների և վրա ու օգնականի ինստիտուտը ներմուծվեր նաև նախաքննության մարմնի ու դատախազության համար: Վստահեցնում եմ, դա որևէ ինքնանպատակ չի հետապնդում, ներկայավում են վիճակագրական տվյալները, ծանրաբեռնվածությունը և սա ևս մեկ լրացուցիչ խթան, դրական գործառույթ կարող է հանդիսանալ աշխատանքների ճիշտ և որակյալ կազմակերպելու առումով»,-ասաց ավագ դատախազ Գրիգոր Ամիրյանը:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ներկայացրեց քննչական մարմինների համակարգի բարեփոխումները: Նա նշեց, որ եթե 2016 թվականին մոտ 20 հազար քրեական գործ է քննվել, ապա 2019 թ-ի առաջին կիսամյակում արդեն 18,5 հազար քրեական գործ է քննվել: Այս ծավալը հուշում է, որ պետք է կառուցվածքային և աշխատավարձերի հետ կապված փոփոխություններ ունենալ: «Եթե դատական համակարգին վերաբերող դրույթներում նշում ենք, որ պետք է դատավորների աշխատվարձերը վերանայվեն, սոցիալական երշախիքներնը վերանայվեն, որովհետև քրեական գործերը բավականին շատացել են նույն դատավորների քանակով և շեշտադրում ենք անում, որ պետք է աշխատավարձերի բարձրացում լինի, ցավոք նույն ամրագրումը չկա դատախազության մարմիններին կամ քննչական մարմիններին վերաբեող դրույթներում: Սա մեկ շղթա է: Ինչպես օրինակ տոնածառի լույսերի շղթան՝ մեկի այրումը վնասում է նաև մյուսներին: Չի կարող մի մարմնի չաշխատելը կամ ոչ արդյունավետ աշխատելուն»,-նշում է Արսեն Այվազյանը:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշում է, որ Հայաստանում շատերն են հղում անելով Սահմանդրությանը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: «Անկեղծ ասած այդ դրույթի հետ ես համաձայն չեմ, ի՞նչ է նշանակում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ինձ համար անհասկանալի է: Իմ պատկերացմամբ իշխանությունը պատկանում է ոչ թե ողջ ժողովրդի 100 տոկոսին. ժողովրդավարությունն այն է, երբ իշխանությունը ձևավորվում է ընտրություններին մասնակցած ժողովրդի մեծամասնության կողմից: Ինչու՞, որովհետև իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը 100 տոկոս է, իսկ ովքեր չեն մասնակցել, կամ այլ ուժի են ձայն տվել, ի՞նչ, իշխանությունն արդեն նրանց չի պատկանում: Ժողովրդավարությունը մեծամասնության կողմից ձևավորված իշխանությունն է: Իշխանության մաս է կազմում նաև դատական իշխանությունը, հիմա դատական իշխանությունը ժողովրդի իշխանությունը պետք է լինի այնպես, ինչպես Սահմանադրությունում գրվա՞ծ է: Իսկ ո՞ր ժողովրդի՝ մեծամասնությա՞ն»: Նա նաև նշեց տարբեր տարիներին իշխանությունների կողմից դատական իշխանությունների «ստեղծման», ազդեցության ու կառավարման մասին:
ԿԵՀ ծրագրի արդարադատության և հարակից ոլորտների համակարգող, իրավաբան Արտյոմ Մեսրոպյանը և ծրագրի ՔՀԿ-կառավարություն երկխոսության համակարգող, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը՝ ամփոփելով քննարկումը, հավաքագրեցին առաջարկությունները, որպեսզի դրանք ներկայացվեն արդարադատության նախարարությանը: Արտյոմ Մեսրոպյանը նշեց, որ մինչ այժմ եղած ռազմավարությունների հիմնական թերությունն այն է եղել, որ հիմնավոր արտացոլված չի եղել, թե ի՞նչի համար են անհրաժեշտ այս կամ այն միջոցառումը, կամ առաջիկայում ի՞նչ ելակետային իրավիճակ է լինելու:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել 9 ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք ուղղված են հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: Ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհներ են տրամադրվել նաև 29 ՔՀԿ-ների։