Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել:
Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը կարգավորվում է ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ Սահմանադրական դատարանի մասին և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքներով:
Վերջնական որոշումը կայացնում է Սահմանադրական դատարանը:
«Ըստ էության, ԱԺ-ն ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հարց է բարձրացնում ՍԴ-ի առջև և օրենքով նախատեսված են այն հիմքերը, որոնց առկայության պարագայում նման դիմում կարող է ներկայացվել ԱԺ: Հիմքերից մեկը էական կարգապահական խախտման հիմքն է»,-նշում է փաստաբան Գենյա Պետրոսյանը:
Էական կարգապահական խախտում կարող է որակվել այնպիսի գործողությունը, որը վարկաբեկում է Սահմանադրական դատարանի հեղինակությունը կամ համատեղելի չէ ՍԴ դատավորի պաշտոնի հետ:
Սեպտեմբերի 19-ին Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին «Իմ Քայլը» խմբակցության կազմած նախագիծը:
Նախագծում 4 հիմք է նշված:
«Առաջինը վերաբերել է նրան, որ Հրայր Թովմասյանը կանխակալ վերաբերմունք է ունեցել դիմումատու Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի նկատմամբ, որը պայմանավորված է եղել նրանց միջև անձնական կապերի փաստի առկայությամբ»,-նշում է Գենյա Պետրոսյանը:
2-րդ հիմքը վերաբերում էր Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ փոխկապակցվածությանը: Մասնավորապես նշվել է, որ «Մարտի 1-ի» գործով Ռոբերտ Քոչարյանը և կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ունեն գործի ելքով պայմանավորված շահերի համընկնում:
«3-րդ հիմքը վերաբերում էր նրան, որ Հրայր Թովմասյանը ինքնուրույնաբար չի բարձրացրել վարույթին մասնակցելու անհնարինության վերաբերյալ հիմքերի առկայության հարցը և դրանք քննարկման առարկա չի դարձրել ՍԴ-ում և նույնիսկ այս հարցերը այլ դատավորի կողմից բարձրացվելու դեպքում ևս վերջինս չի անդրադարձել նշված հարցին և այդ պայմաններում և մասնակցել է սույն գործով որոշման կայացմանը»,-նշում է փաստաբանը:
Պատճառներից մեկն էլ այն է, որ Հրայր Թովմասյանը տարբեր առիթներով և տարբեր ժամանակահատվածներում հրապարակային կարծիքներ է հայտնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված, ինչպես նաև դատավարության վերաբերյալ:
Նախագծի նպատակը, ըստ «Իմ քայլը» խմբակցության, Սահմանադարական դատարանի նկատմամբ վստահությունը ամրապնդրելն ու դատարանում ընթացող գործընթացների թափանցիկությունը ապահովելն է:
Գենյա Պետրոսյանը նշում է, որ նախագծում նշված հիմքերը բավականին համոզիչ են․ «Հիմանվորումները, իմ կարծիքով, բավականին համոզիչ են և փաստարկված: Վերջիվերջո հետևությունը կատարվում է առ այն, որ օբյեկտիվ անկողմնակալ դիտորդի մոտ օբյեկտիվ կասկած կարող առաջանալ դատավոր Հրայր Թովմասյանի անաչառության վերաբերյալ տվյալ գործով քննությանը մասնակցելի, ինչպես նաև որոշումը կայացնելու փուլում։ Բավականին մանրամասն վերլուծվել են ՄԻԵԴ-ի դիրքորոշումները, մեր օրենսդրական կարգավորումները հստակ են այդ մասով և հնարավորություն չեն տալիս նման պայմաններում մասնակցել գործի քննությանը»:
Եվգենյա Համբարձումյան