Ինչպե՞ս օրինականացնել այն տարածքը, որտեղ բնակվում եք

Բնակվում եմ մի տարածքում, որի նկատմամբ որևէ փաստաթուղթ չունեմ և այժմ ուզում եմ օրինականացնել այն: Ինչպե՞ս կարող եմ դա անել:

 

Հարգելի° ընթերցող,

 

Կյանքում հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ բնակվում ես մի վայրում, որի վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ:  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում հաճախ ենք հանդիպում նմանատիպ դեպքերի, ուստի 10.06.2008թ.-ին ընդունվել է ՙԻրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՚ ՀՀ օրենքը /28.06.2008/, որն էլ հենց կարգավորում է նմանատիպ դեպքերը: Տվյալ օրենքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածում գտնվող անհատական բնակելի տներին, դրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինություններին, դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերին:

Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք պայմաններ, որոնք անհրաժեշտ է պահպանել շոշափելի արդյունքի հասնելու համար: Այսպիսով, այն անհատական բնակելի տները, դրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինությունները, դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերը, որոնք կառուցվել են մինչև 2001թ.-ի մայիսի 15-ը և դրանց նկատմամբ չեն պահպանվել քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը և հողահատկացման հիմքերը, ինչպես նաև, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ, ապա համարվում են այն ֆիզիկական անձի սեփականությունը, ով տիրապետում է այդ գույքը` որպես սեփականություն:

Բացի այդ, եթե ձեզ սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից ավել օգտագործում եք մինչև 300 քմ սահմանազատված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս և դրանց վրա կառուցված բնակելի տներ և բնակելի նշանակության օժանդակ շինություններ և եթե դա ևս տիրապետվում է մինչև 2001թ.-ի մայսիսի 15-ը, և իհարկե, եթե պահպանվել են վերոնշյալ պայմաններ, ուստի տվյալ հողամասը համարվում է այն ֆիզիկական անձի սեփականությունը, որի սեփականությունը համարվող հողամասին կից է ավել օգտագործվող հողամասը և շինությունը, և ով տիրապետում է այդ գույքը` որպես սեփական գույք:

Եթե առկա են վերոնշյալ պայմաններով անշարժ գույք, ուստի դուք պետք է գրավոր դիմում ներկայացնեք համայնքի ղեկավարին, որում նշվում են դիմումատուի անձնական տվյալները, բնակելի տան հասցեն, տվյալ շինությունը կառուցելու տարեթիվը և տեղեկություն այն մասին, որ այդ անշարժ գույքը բավարարում է վերոնշյալ պայմաններին: Այս դիմումի հիման վրա համայնքի ղեկավարը կայացնում է որոշում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու մասին: Որոշման հետ միասին կադաստր է ներկայացվում նաև համապատասխան հողամասի հատակագիծը: Իսկ եթե ավել զբաղեցված հողամասը ավել է 300քմ-ից և այն կառուցապատված չէ, տվյալ հողամասի ավել մասը օտարվում է դրա կադաստրային արժեքով: Եթե տվյալ անշարժ գույքն օգտագործվում է մի քանի անձանց կողմից, ուստի այն սեփականաշնորհելու համար անհրաժեշտ է բոլորի գրավոր համաձայնությունը, իհարկե, եթե նրանք գրանցված ամուսիններ չեն:

Այսինքն, անշարժ գույքի անհատույց սեփականաշնորհման  համար անհրաժեշտ է, որ քաղաքացին այն օգտագործած լինի մինչև 2001թ.-ի մայիսի 15-ը և համապատասխանի վերոհիշյալ վավերապայմաններին:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել