Այսօր` հունվարի 18-ին, կայացավ Անիի նախկին ոստիկանապետի, ոստիկանության փոխգնդապետ Ս. Սարգսյանի քրեական գործի քննությունը: Ս. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար:
Բանն այն է, ըստ Ս. Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` վերջինս 2012թ. սեպտեմբերի 13-ին մտել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժին և միջամտելով քննիչի գործունեությանը, իր բարեկամ վկա Ա. Գ-ին կոչ է արել և պահանջել, որ իր որդու գործով այլևս ցուցմունք չտալ, չպատասխանել քննիչի հարցերին, չստորագրել որևէ փաստաթուղթ, որի արդյունքում Ա. Գ.-ն, առանց քննիչի կողմից հարցերին պատասխանելու և ստորագրելու հարցաքննության արձանագրությունը, լքել է քննիչի աշխատասենյակը:
Դատարանը դատավարության կողմերին ներկայացրեց վերջիններիս իրավունքներն ու պարտականությունները և պարզաբանեց ամբաստանյալի ինքնությունը:
Մեղադրողը ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Ամբաստանյալն իրեն մեղավոր չճանաչեց առաջադրված մեղադրանքում:
Դատական նիստին ներկայացել էին վկայակոչված երեք վկաներից երկուսը, նիստին չէր ներկայացել վկա, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժանմունքի քննիչ Է. Ալեքսանյանը, սակայն պատշաճ դիմում էր ներկայացրել, որ աշխատանքի բերումով չի կարող ներկայանալ նիստին:
Հարաքննվեց վկա Մ. Հ.-ն, ով դեպքի օրը քննչական բաժանմունքում հերթապահ է եղել: Հարցաքննվեց նաև սույն գործով վկա Ա. Գ.-ն, ով դեպքի օրը եղել է քննիչի աշխատասենյակում և հարցաքննվել է Գյումրու նախկին քաղաքապետի «փեսա»` Կարեն Եսայանի սպանության գործով:
Մինչ դատաքննությանն անցնելը` ամբաստանյալի պաշտպանը միջնորդեց քննիչի որոշումը` իր վստահորդի նկատմամբ խափանման միջոցը` որպես ստորագրություն չհեռանալու մասին վերացնել, քանզի այն չի բխում օրենքից: Դատարանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում և հեռացավ խորհրդակցական սենյակ և որոշեց բավարարել պաշտպանի միջնորդությունը` քննիչի որոշումը` խափանման միջոց կիրառելու մասին վերացնել:
Քանի որ վկա Ալեքսանյանը հարգելի պատճառով չէր ներկայացել, ուստի մյուս երկու վկաներին հարցաքննելուց հետո դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 1-ը, ժամը 14:00-ը:
Հանրային թղթակից` Լուսաբեր տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net