Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց անցումային արդարադատության իրականացման նպատակը և ձևերը՝ միջազգային փորձի ներքո:
Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո հայտարարեց անցումային արդարադատության անցկացման մասին:
Դասը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Անցումային արդարադատությունը գործընթացների և մեխանիզմների ամբողջություն է, որը հասարակության դեմ անցյալում կատարված օրինախախտումները շտկելու, արդարությունը վերականգնելու, անպատժելիությանը վերջ դնելու և հանրային համերաշխություն հաստատելու նպատակ ունի:
Անցումային արդարադատությունը ունի իրականացման 4 մեխանիզմ.
- Քրեական արդարադատություն,
- Փոխհատուցումներ,
- Ճշմարտության որոնում,
- Համակարգային բարեփոխումներ:
Կարեն Զադոյանը նշեց, որ կարևոր է մշակել քայլերի հաջորդականություն՝ գործընթացը ճիշտ ձևով անցկացնելու համար: Նա նշեց, որ թեմայի վերաբերյալ Իրավաբանների հայկական ասոցիացիան կազմել է զեկույց: Զեկույցը մշակվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որը ներկայացվել է նաև ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին:«Զեկույցի հիմնական նպատակն էր ներկայացնել անցումային արդարադատությունը, դրա կիրառելիության հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում, առկա միջզգային փորձը, կիրառված գործիքները, մեխանիզմները և ինստիտուտները, ինչպես նաև համեմատական և վերլուծական եղանակով վեր հանելու Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում նվազագույն ռիսկերով կիրառելի արդյունավետ մոդելը»,-ասաց նա:
Կարեն Զադոյանի խոսքով, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անցումային արդարադատությունը ձախողվում է այն երկրներում, որտեղ չի եղել անցումային արդարադատության համակարգ ձևավորելու վերաբերյալ ակնհայտ և անկեղծ պատրաստակամություն, առանց այդ գործընթացում բոլոր շահագրգիռ դերակատարների ներգրավում, ինչպես նաև այդ գործընթաց և կիրառելիք բոլոր մեխանիզմների մասին հանրային լայն իրազեկումը:
Սրանց բացակայության դեպքում հնարավոր է չստանալ այն արդյունքը, որը սպասվում է:
Կարեն Զադոյանը խոսեց նաև անցումային արդարադատության կիրառման մեխանիզմներից՝ նշելով
- մասնագիտացված դատարանների ստեղծման հնարավորության մասին,
- կոռուպցիոն հանցագորությունների հետևանքով ապօրինի հարստացածներին՝ առաջնորդվելով և՛ իրավական, և՛ քաղաքական գործընթացներով օրենքի ընդունման միջոցով կապիտալի ամնիստիա (մեղքի ընդունման գործարք) կիրառելու և ներպետական մակարդակում գործարք առաջարկելու հարցի մասին,
- քրեական գործերի վերանայման և նոր քրեական գործերի հարուցման իրավական հիմքերի մասին,
- անցումային արդարադատության մեխանիզմները ներդնելուց հետո քննարկման առարկա դարձնել անցումային արդարադատության շրջանակներում դատապարտված նախկին հանրային իշխանության ներկայացուցիչների նկատմամբ համաներում տարածելու վերաբերյալ հարցի մասին:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: