Ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման համար մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնում հետազոտվելուց հետո տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանից։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։
Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։
Օգոստոսի 30-ին դատարանը որոշեց Գագիկ Խաչատրյանին կալանավորել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-ին