Յուրա Իվանյանի վերաբերյալ պետք է ուսումնասիրություն իրականացնի ՔԿ կարգապահական հանձնաժողովը

Infocom.am կայքն օգոստոսի 29-ին հետաքննություն էր հրապարակել՝ «Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն» վերտառությամբ, որում նշված էր, որ վերջիններս հորեղբոր որդիներ են։

Հրապարակման վերաբերյալ քննչական կոմիտեն տարածեց հաղորդագրություն, որում նշված էր․ «Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում և ազգակցական կապ ունի Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, սակայն հարկ ենք համարում նշել, որ հնչող կարծիքները, որ այս ազգակցական կապով պետք է կասկածի տակ դնել Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը ողջամիտ չէ»:

Նշենք, որ 2014 թվականի քննչական կոմիտեի նախագահի 12Ա հրամանով հաստատվել է քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը։

Հրամանի 6-րդ գլխում, 29-րդ կետով նշված է, թե որ տեղեկություն պարունակող աղբյուրներն են առիթ հանդիսանում կարգապահական վարույթ հարուցելու համար՝ կոմիտեի ծառայողի կողմից առերևույթ իրավախախտման վերաբերյալ։ Դրանք են՝

1) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց գրավոր հաղորդումները, դիմումները,

2) դատախազի հաղորդումը կամ միջնորդագիրը,

3) լրատվության միջոցի հաղորդումը,

4) Կոմիտեի ծառայողի կողմից վարչական իրավախախտում կատարելու փաստով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն կազմված արձանագրությունները,

5) Հանձնաժողովի անդամի միջնորդությունը,

6) Կոմիտեում հայտնաբերված իրավախախտման մասին Կոմիտեի ստորաբաժանման ղեկավարի զեկուցագիրը:

Քննչական կոմիտեի նախագահի հրամանում պարզ գրված է, որ վերոնշյալները առիթներ են, այսինքն, Յուրա Իվանյանի վերաբերյալ արդեն իսկ պետք է նախնական ուսումնասիրություն սկսվեր, որի արդյունքում պարզ կլիներ՝ հարուցել կարգապահական վարույթ, թե՝ ոչ։ 

Այս դեպքում քննչական կոմիտեն բացառել է նման առերևույթ իրավախախտման հանգամանքը՝ առանց ՔԿ հանձնաժողովի անդամի նախնական ուսումնասիրության եզրակացության, որի նյութերի հիման վրա պետք է որոշվեր կարգապահական վարույթ հարուցելու հարցը։

Նախնական ուսումնասիրությունը կասեցվում է, եթե նախնական ուսումնասիրություն նշանակելուց հետո պարզվել է, որ փաստի առթիվ նախաքննության մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ:

Մեջբերում ՔԿ մամուլի հաղորդագրությունից․ «․․․հարկ ենք համարում նշել, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար»։

Քրեական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածը սահմանում է, թե որ դեպքում քննիչը կամ հետաքննության մարմնի աշխատակիցը չեն կարող մասնակցել քրեական գործով վարույթին։ Դրանք համապատասխանում են դատավորի ինքնաբացարկ հայտնելու հիմքերին, որոնք սահմանվում են ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքով։

ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի համաձայն՝ ինքնաբացարկի հիմք է, եթե քննիչը տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:

Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ`

1) քննիչը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ,

2) քննիչը` որպես մասնավոր անձ, ականատես է եղել այն հանգամանքներին, որոնք վիճարկվում են գործի քննության ընթացքում,

3) քննիչը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում,

4) քննիչի մերձավոր ազգականը հանդիսացել է, հանդիսանում է կամ ողջամտորեն կհանդիսանա գործին մասնակցող անձ, 

5) քննիչը գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ նրա մերձավոր ազգականը տնտեսական շահ ունի` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ,

6) քննիչը պաշտոն է զբաղեցնում ոչ առևտրային կազմակերպությունում, և գործով կարող են շոշափվել այդ կազմակերպության շահերը:

Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածից հետևում է, որ քննիչը, որին հայտնի են քրեական դատավարությանն իր մասնակցությունը բացառող հանգամանքներ, պարտավոր է դրանց մասին հայտնել դատավարության շահագրգռված մասնակիցներին, քրեական վարույթն իրականացնող մարմնին, իսկ այն դեպքում, երբ նա կասկածում է իր մասնակցությամբ գործի նորմալ քննության հնարավորությանը` հայտարարել ինքնաբացարկ:

Քննչական կոմիտեի նախագահի 12Ա հրամանի 8-րդ գլխում, 76-րդ կետում նշված է նաև, որ  քննիչի կողմից կարգապահական խախտման առերևույթ հատկանիշների առկայության դեպքում կոմիտեի նախագահը կամ տեղակալը կարող են կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությամբ դիմել հանձնաժողովին: Այս դեպքում այդպիսի հատկանիշներ կարող են համարվել քննիչի կողմից ինքնաբացարկ չհայատնելը հետևյալ հիմքերով. որոնք են` քննիչի կանխակալ վերաբերմունքը որպես կողմ հանդես եկող անձի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև, երբ քննիչի մերձավոր ազգականը հանդիսացել է, հանդիսանում է կամ ողջամտորեն կհանդիսանա գործին մասնակցող անձ:

Եթե կարգապահական վարույթ հարուցելուց հետո պարզվել է, որ առկա է կոմիտեի տվյալ ծառայողի մասնակցությամբ կամ նրա կատարած ենթադրյալ հանցագործության դեպք, ապա կարգապահական վարույթը կասեցվում է մինչև համապատասխան նյութերի նախապատրաստման կամ քրեական գործի քննության ավարտը: Գործը քննում է Հատուկ քննչական ծառայությունը: 

Այսպիսով, կարծում ենք, որ  քննչական կոմիտեի կողմից տարածած հաղոդագրությունը փաստարկված չէ, դրա մեջ նշված պնդումները պետք է հրապարակվեին առնվազն կարգապահական հանձնաժողովի նախնական ուսումնասիրությունից հետո։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել