Ի՞նչ անել, երբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, սակայն ԴԱՀԿ (դատական ակտերի հարկադիր կատարում) ապահովող ծառայությունը ոչինչ չի ձեռնարկում վճռի ի կատար ածման ուղղությամբ:


Հարգելի° ընթերցող,


Եթե դատարանը կայացնում է վճիռ, և այն մտնում է օրինական ուժի մեջ, ապա այն կամովին չկատարելու դեպքում ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով: Բոլոր դեպքերում, երբ դատարանի կայացրած վճիռը մտնում է օրինական ուժի մեջ, պահանջատիրոջ կամ դրա համար լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա դատարանը տալիս է կատարողական թերթ, որն էլ ներկայացվում է ԴԱՀԿ ապահովող ծառայություն: Տվյալ կատարողական թերթի վրա ԴԱՀԿ ծառայությունը պարտավոր է հարուցել կատարողական վարույթ: Ընդ որում հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցում է կատարողական թերթը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում: Սակայն լինում են դեպքեր, երբ առկա է լինում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, այդ վճռի հիման վրա տրված կատարողական թերթ, սակայն դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ձեռնպահ է մնում որևէ գործողություն ձեռնարկելուց, նույնիսկ չի հարուցում կատարողական վարույթ: Կարելի է ասել այս պարագայում հարկադիր կատարման ծառայությունը դրսևորում է անգործություն:  Նման անգործության հետևանքով կարող են տուժել քաղաքացու շահերը: Այդ իսկ պատճառով նման անգործությունը պետք է բողոքարկել վերադասության կարգով: Այս դեպքում անհրաժեշտ է դիմել Գլխավոր հարկադիր կատարողին, որի իրավասությունների մեջ է մտնում նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ստորաբաժանումների նկատմամբ վերահսկողություն իրականացնելը: Այդուհանդերձ քաղաքացին կարող է բողոքարկել ԴԱՀԿ ծառայության անգործությունը նաև դատական կարգով:

Օրենքը սահմանում է նաև կատարողական գործողությունների կատարման ժամկետը: Դրանք հարկադիր կատարողի կողմից պետք է իրականացվեն կատարողական թերթը ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, բացի, իհարկե, այն դեպքերից, երբ դրանք ենթադրում են անհապաղ կատարում: Ընդ որում կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը կայացնում է որոշում: Տվյալ որոշման պատճենը պահանջատիրոջն ու պարտապանին ուղարկվում է ոչ ուշ, քան այն կայացնելուց հետո եռօրյա ժամկետում: Սակայն հնարավոր է, որ ԴԱՀԿ ծառայության կողմից կայացված որոշումը լինի անհիմն: Այս պարագայում ևս օրենքը քաղաքացուն պաշտպանվելու հնարավորություն է տալիս: Որոշումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում քաղաքացին իրավունք ունի տվյալ որոշումը բողոքարկել վերադասության կարգով, ինչպես նաև վարչական դատարան: Սակայն պետք է նկատի ունենալ, որ հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:

Փաստորեն այս ամենից պարզ է դառնում, որ հարկադիր կատարողի որոշումները կարող են փոփոխվել կամ վերացվել դատարանի վճռի հիման վրա, իսկ եթե խուսափում եք տվյալ որոշումը վիճարկել դատական կարգով, ապա տվյալ որոշումը, կամ ինչպես նշվեց վերևում` հարկադիր կատարման ծառայության որևէ բաժնի անգործությունը, կարող եք բողոքարկել Գլխավոր հարկադիր կատարողին:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել